Քննչական կոմիտեի՝ քամուց տուժած շենքը կառուցվել է հիմնականում առանց բաց մրցույթի

Երեկ Երևանում բարձրացած քամուց տուժել է նաև Քննչական կոմիտեի նորակառույց վարչական մասնաշենքը, պոկվել է շենքի երեսպատման թիթեղների մի մասը։ Շենքը շահագործման էր հանձնվել ընդամենը մեկ տարի առաջ, իսկ դրա կառուցման վրա պետությունը ծախսել է ավելի քան 2.5 միլիոն դոլար։

Ականատեսները երեկ տեսանկարահանել էին, թե ինչպես թիթեղները, պատից պոկվելով, ընկել են բակ և փողոց։ Ըստ հարևանների՝ տուժող անցորդներ չեն եղել, մեկ ավտոմեքենա է վնասվել։ Դիմացի շենքում բնակվող կնոջ խոսքով՝ միայն ծառերի շնորհիվ թիթեղները թռչելով չեն եկել ու հարվածել իրենց պատուհաններին։

Այսօր շինարարները նորից փակցնում էին պոկված թիթեղները։

Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ թիթեղյա շերտի վերականգնման ծախսերը հոգում է «Ագաթ-777» ընկերությունը, որը անցյալ տարի ամռանն էր ստացել երեսպատման պատվերը։ Թիթեղներով փակվել է Կոմիտեի բարձրահարկ, վարդագույն տուֆից կառուցված մասնաշենքը։

«Պայմանագրով նախատեսված է եղել նաև երաշխիքային սպասարկում: Եվ դա երաշխիքային սպասարկման շրջանակներում էր, ընկերությունը իրականացնելու է քամու պատճառած վնասների վերականգնումը, և որևէ լրացուցիչ ֆինանսական միջոց այս նպատակի համար չի հատկացվելու: Ճիշտ է, տվյալ պարագայում թիթեղները վնասվել են ուժգին քամու պատճառով, բայց, այդուհանդերձ, այդ սպասարկումը իրականացնում է ընկերությունը», - ասաց Տռուզյանը:

Նշված «Ագաթ-777» շինարարական ընկերությունը վերջին երկու տարում կատարել է Քննչական կոմիտեի վարչական մասնաշենքի կառուցապատման մեծ մասը՝ առանց բաց մրցույթի պետությունից ստանալով ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ, որը մոտ 2.5 միլիոն դոլար է կազմում։ Ընդ որում՝ միայն շենքի երեսպատման համար «Ագաթ-777»-ին վճարվել է ավելի քան 57.7 միլիոն դրամ՝ շուրջ 120 հազար դոլար: Շինարարական ընկերության հիմնադիրը Աղվան Կարապետյանն է, ով նաև Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ղեկավարած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության անդամ է։

Տնտեսագետ Արա Գալոյանի խոսքով՝ Հայաստանում երբեք մեծ գնումները պատահական ընկերություններից չեն արվում։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած չինովնիկ ինչ-որ շահ ունի պետական գնումը դրան տալու», - ասում է նա: