ՀՀ ԱԳ փոխնախարարը Ստամբուլի համաժողովում հակադարձել է Ալիևին

Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի մասնակիցները, 23-ը մայիսի, 2016թ.

Մայիսի 23-24-ը արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի աշխատանքներին: Մարդկության առջև ներկայումս ծառացած մարդասիրական խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիների որոնմանը նվիրված գագաթնաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից և առաջինն էր իր տեսակի մեջ, իր հաղորդագրությունում նշում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Ելույթ ունենալով գագաթնաժողովի լիագումար նիստում՝ Հովակիմյանը մասնավորապես հայտարարել է. - «Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ: Այս ամենն արդյունք են հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների կողմից թողտվության պայմաններում: Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ»։

Անդրադառնալով նախորդ օրը գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ «Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ: Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»:

Փոխնախարարն անդրադարձել է նաև Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների հարցերին և Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ապաստան տրամադրելու աշխատանքներին: Նա նաև կարևորել է միջազգային հանրության կողմից փախստականներին ու տեղահանվածներին տրվող աջակցությանը, շեշտելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն` անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև հարակից ընթացող «կլոր սեղանի» քննարկումներին` նվիրված հակամարտությունների կասեցման, փախստականների ու տեղահանվածների օժանդկակության խնդիրներին: Փոխնախարարը մասնակցել ու ելույթ է ունեցել նաև Լիխտենշթայնի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելման խնդիրներին: