Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ է փոխել խաղի կանոններն ու բարելավել բիզնես միջավայրը, այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքարի նոր փուլ սկսելու մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:
«Կարծում եմ՝ այժմ վճռական պահ է, երբ դու ունենում ես այնպիսի ցնցում, ինչպիսին Հայաստանն ունեցավ, կոռուպցիայի դեմ պայքարը, մոնոպոլիաների նվազեցումը և բիզնես միջավայրի բարելավումը առավել կարևոր են դառնում, քան նախկինում, պետք է արագացնել այս գործողությունը», - նշեց Սանչեսը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչի կարծիքով անհրաժեշտ է բանկային, դատական և հարկային համակարգերը բարելավել, որպեսզի մարդիկ ունենան բիզնես սկսելու հնարավորություն:
«Հայաստանը փոքր տնտեսություն է, փոքր շուկայով, այստեղ չկա տեղ շատ խաղացողների համար, ուստի անհրաժեշտ է բարելավել խաղի կանոնները, որպեսզի եթե նույնիսկ լինեն մի քանի գործողներ, նրանք իրենց դրսևորեն մրցակցային եղանակով, քանի որ նրանք վտանգ են մրցակիցների առաջացման համար», - ասաց նա:
Սանչեսն ընդգծեց, որ վարչապետն իր՝ ըստ էության ծրագրային ելույթով վերահաստատել է նախկինում արած հայտարարությունները: Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանի համար այժմ հիմնական մարտահրավերը ֆինանսական կայունությունը պահպանելն է․ - «Պակասուրդները պետք է աստիճանաբար կրճատվեն, առանց մասնավոր հատվածին ճնշելու, իսկ դրա համար անհրաժեշտ է բարելավել եկամուտների հավաքագրումը, աշխատել հարկային օրենսգրքի վրա, որն այժմ Ազգային ժողովում է»:
Անդրադառնալով տնտեսության վրա ղարաբաղյան քառօրյա պատերազմի հնարավոր ազդեցությանը՝ Սանչեսն ասաց․ - «Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ հակամարտությունը կա բավականին երկար ժամանակ և չունի ազդեցություն տնտեսության վրա: Հայաստանը լավ վճարողի համբավ ունի, երբեք դեֆոլտի չի ենթարկվել և մակրոտնտեսապես կայուն է: Այսպիսով՝ այս պահին հակամարտության պատճառով մենք որևէ գնահատական չենք փոխում»:
Սանչեսը նշեց նաև, որ Հայաստանի տնտեսական վիճակը շարունակում է մեծապես կախված լինել Ռուսաստանում տիրող վիճակից, քանի որ այդ երկրից փոխանցվող տրանսֆերտները կազմում են հայաստանյան տնտեսության ՀՆԱ-ի 15 տոկոսը, իսկ հայկական ապրանքների արտահանման 20 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:
«Ռուսաստանի տնտեսությունը ցնցումից հետո որոշակիորեն կվերականգնվի, սակայն տնտեսական աճը շարունակելու է մնալ ցածր՝ շուրջ երկու տոկոսի չափով, ի տարբերություն նախկինում ունեցած 4 տոկոսի: Այսպիսով, սա է նոր միջավայրը և այն ունի ազդեցություն տարածաշրջանի վրա», - հավելեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: