Ֆրանսիական հեռուստաընկերությունը բացահայտում է Россия 24-ի կեղծիքը

Canal+ հեռուստաընկերության թղթակիցները գտել են Կիսելյովի հաղորդման որոշ հերոսների, ովքեր պնդել են, որ Россия 24-ը կոպտորեն խեղաթյուրել է իրենց ասածը։

Ֆրանսիական Canal+ հեռուստաընկերությունը բացահայտում է Россия 24 հեռուստաընկերության՝ Ֆրանսիայի մասին պատրաստած տեսանյութի կեղծիքը:

Россия 24 հեռուստաընկերության հաղորդումը, որի հեղինակը հայտնի հեռուստալրագրող և Կրեմլի խոսափող համարվող Դմիտրի Կիսելյովն է, ներկայացնում է հարցազրույցների շարք ֆրանսիացիների հետ՝ սովորական ցուցարարներից մինչև Ֆրանսիայի նախկին պետքարտուղար։ Նրանց ֆրանսերեն խոսքին զուգահեռ հնչում է ռուսերեն թարգմանություն, որը խլացնում է զրուցակիցների ձայնը։

Հաղորդման հեղինակները իրենց հերոսներին ներկայացնում են՝ «մարդիկ, ովքեր հոգնել են միգրանտների բռնաբարություններից»։ Ընդ որում, «ֆրանսիացի եվրասկեպտիկների» մասին հաղորդման ընթացքում ցուցադրվում են կադրեր աշխատանքի մասին ֆրանսիական նոր օրենքի շուրջ բողոքի ակցիաներից, որը, ինչպես նշում է ֆրանսիացի լրագրողը, որևէ ընդհանրություն չունի եվրասկեպտիցիզմի հետ։

Ֆրանսիական հեռուստաընկերության թղթակիցները գտել են Կիսելյովի հաղորդման որոշ մասնակիցների և նոր տեսանյութ պատրաստել։ Գրեթե բոլոր հերոսները միաբերան պնդել են, որ ռուսաստանյան հեռուստաընկերությունը կոպտորեն խեղաթյուրել է իրենց ասածը և նույնիսկ փոխել հնչեցրած մտքերի իմաստը՝ ներկայացնելով հակառակ ձևով։

Հաղորդման ընթացքում, օրինակ, երիտասարդ մի աղջիկ, ըստ ռուսերեն թարգմանության, ասել է, թե վախենում է միգրանտներից: Ֆրանսիացի լրագրողների հետ զրույցում, սակայն, նույն անձը հավաստիացրել է, որ ոչ միայն նման հայտարարություն չի արել, այլև թեմայի շուրջ խոսելիս նշել է, որ Ֆրանսիան պետք է ընդունի այն մարդկանց, ովքեր ստիպված են փախչել պատերազմների արհավիրքներից։

Տարեց մի կին էլ իբր դժգոհել է, թե իրեն հեռացրել են աշխատանքից և իր փոխարեն աշխատանքի ընդունել երեք միգրանտների։ Մինչդեռ կինը իրականում ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում պատմել է, որ պարզապես թոշակի է անցել՝ առանց միգրանտների մասին որևէ հիշատակում անելու:

Ֆրանսիայի նախկին պետքարտուղար Բրյունո լը Մերը, ով առանց Россия 24-ի թարգմանության հայտարարել է, թե «Ֆրանսիան պետք է շատ աշխատի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված ամբողջ Եվրոպայի ապագան», ֆրանսիացի լրագրողներին ասել է, թե իր այդ պատասխանը տարբեր բառակապակցությունների հավաքածու է, որը միանգամայն տարբեր է իր արտահայտած մտքից։

Հաղորդման ավարտին Россия 24-ի հաղորդման ֆրանսիացի հերոսները ռուսաստանցի լրագրողներին կոչ են արել հրապարակել իրենց խոսքի իրական թարգմանությունը։