Երևանում բացվեց մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը

Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում այսօր բացվեց Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը:

Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մեծ հայրենականի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ-ի Քանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց արձանին և հարգանքի տուրք մատուցեց ականավոր զորավարի հիշատակին:

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը Հայաստանի նախագահին հանձնեցին խորհրդանշական նվեր՝ մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից: