Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում: