Իրավապաշտպան․ Զինծառայողին պատժում են բռնությամբ կորզված ցուցմունքից հրաժարվելու համար

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ

Գոռ Մարգարյանի և մյուսների տված նոր՝ զինվորի ինքնասպանության վարկածը հերքող ցուցմունքները դատարանում չեն փոխել գործի ելքը:

Զինված ուժերի սպա Գոռ Մարգարյանը տեղեկացել է, որ քրեական մի գործի շրջանակներում ինքը մեղադրյալ է․ 4 տարի առաջ սուտ ցուցմունքներ տալու փաստով նա հրավիրվել է հարցաքննության՝ Կապանի զինվորական քննչական բաժին։ Հայ-ադրբեջանական սահմանին ծառայող սպան իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Դատական նիստի ժամանակ տվել եմ լրացուցիչ ցուցմունքներ, դրա համար մարդիկ ինձ ընդգրկել են որպես մեղադրյալ»,- «Ազատությանն» ասաց Մարգարյանը:

Տարիներ առաջ տեղի ունեցածը Գոռ Մարգարյանը երեկվա պես է հիշում։ 2012-ին Սյունիքի մարզում ծառայելիս իրենց զորամասի մարտական հենակետում կրակոցից մահացավ զինծառայող Սարգիս Սահակյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սարգիսն ինքնասպան էր եղել ծառայակիցներից մեկի հետ մեկ «Սնիկերս» կոնֆետի շուրջ ծագած վեճից հետո, որի ընթացքում, ըստ գործի նյութերի, մահացած Սարգիսին նվաստացրել էին։

2014-ին Սյունիքի դատարանը հաստատեց այս մեղադրանքը։ Գոռ Մարգարյանի և նույն զորամասում ծառայած ևս 5-ից ավելի երիտասարդների նախաքննական ցուցմունքները չէին հերքում 19-ամյա զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, սակայն արդեն դատարանում Գոռը և մյուսները հրաժարվեցին այդ ցուցմունքներից՝ հայտարարելով, որ իրենց ահաբեկել ու խոշտանգել են՝ ստիպելով պնդել, թե զորամասում վեճ է եղել։

«Դատական նիստի ժամանակ բողոքել էինք, որ էղել ա խոշտանգում, էղել ա ծեծ, ստիպողաբար ցուցմունք վերցնել, գործով դատախազ Մայիլյանը ասում ա՝ քեզ պետք չի պաշտպան, դու մեր ասածը ոնց կա՝ տենց ասա, մենք քեզ ոչ մի բան չենք անի, մենք քեզ կհանենք: Նախաքննական վախտը մեզ ստիպում էին, ծեծում էին, ասում էին՝ մեր ուզածը պիտի գրեք»,- շարունակում է սպան:

Դատարանում Գոռ Մարգարյանի և մյուսների տված նոր՝ Սարգիսի ինքնասպանության վարկածը հերքող ցուցմունքները, սակայն, չփոխեցին գործի ելքը․ դատարանը գործի հիմքում թողեց նախաքննական, ըստ վկաների՝ ծեծով կորզված ցուցմունքները։ Այժմ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում սուտ ցուցմունք տալու հոդվածով, նրան սպառնում է առավելագույնը 2 ամսվա կալանք։ «Անօրինականությունը շարունակվում ա, գործի վարույթը վերցրել են էն քննիչները, ում վրա մենք բողոքել ենք, մենք իրանց վրա բողոքել ենք, իրանք հաշվեհարդար են տենում, որ մեզնից մուռ հանեն, որ մեզնից մեկը դատվի»,- ասում է Մարգարյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երկար ժամանակ հետևել է Սարգիս Սահակյանի մահվան գործին: Նա պնդում է, որ անգամ դատավորն է ականատես եղել, թե ինչպես էր մեղադրողը վկա Գոռ Մարգարյանին փակել դատարանի սենյակներից մեկում՝ ստիպելու հրաժարվել նոր ցուցմունքից։ «Դատարանն ուներ բոլոր հիմքերը գործը վերադարձնել նոր քննության, բայց չարեց: Հսկայական փորձագիտական աշխատանք էր կատարվել, բայց ոչինչ հաշվի չառնվեց»,- ասում է իրավապաշտպանը:

Նա համակարծիք է այժմ քրեական հանցագործության մեջ մեղադրվող Գոռ Մարգարյանի հետ, թե վերջինիս փորձում են պատժել նախաքննական մարմնի պարտադրած ցուցմունքից ետ կանգնելու համար՝ «Ակնհայտ հաշվեհարդար է․․․»:

Դատախազության լրատվական բաժնից տեղեկացանք, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է նախաքննությունը, սուտ ցուցմունք տալու հոդվածով քրեական գործը դեռ չի ուղարկվել դատարան։