Իշխանության մաս կազմող Դաշնակցությունն առաջարկում է ոչ թե կուլակաթափ անել հարուստներին, այլ կարմիր գիծ քաշել և այսուհետև խաղի կանոնները խախտողներին պատժել ողջ խստությամբ:
Ի պատասխան «Ազատության» հարցին` արդյոք հավատո՞ւմ են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին, թե այսուհետև հավասար հարկային պայմաններ են լինելու բոլոր գործարարների համար, ավելին՝ մենաշնորհ չի լինելու, յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանա, Արմեն Ռուստամյանը հետաքրքիր փակագծեր բացեց: Պարզվեց՝ նման հայտարարություն անելու խոստում Հովիկ Աբրահամյանը տվել է անցած շաբաթ օրը քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը: Թե ով է վարչապետին հորդորել հայտարարել, թե այլևս մենաշնորհ չպետք է լինի, Ռուստամյանը հրաժարվեց մանրամասնել:
«Էդպիսի առաջարկ եղել է պարզապես մեր հանդիպման ժամանակ: Վարչապետը էդ խոստումը որ տվեց, դա կատարեց պարզապես: Ներկաներից մեկի կարծիքով, ում անունը չեմ ուզում տալ, նրա կարծիքով բավական էր հայտարարվի, որ մենք այլևս ոչ մի մենաշնորհ չունենք, ով ինչով ուզում է, թող զբաղվի, և այդպես էլ կլինի: Դրա համար հայտարարեց: Բայց ես դրան էդքան էլ չեմ հավատում: Ասելով չի, կարող ենք ասել, բայց դրա համար իսկապես պիտի պայմաններ ստեղծվեն, որ ով որ ուզում է՝ գնա և խոչընդոտների չհանդիպի, այ սրա մասին է խոսքը: Բայց ես ուզում եմ մտածել, որ պարոն վարչապետը ինքն էլ կհանդիսանա պաշտպանը այդպիսի անձանց: Օրինակ, եթե ինքը իսկապես ստանձնի այդ պատասխանատվությունը, ցանկացած ահազանգ, որ կհնչի որևէ մեկի կողմից, որ իրեն խոչընդոտում են, և ինքը գնա կողքը կանգնի այդ անձի՝ երկրում բավականին արագ փոփոխություններ կարող են տեղի ունենալ», - նշեց նա:
«Ազատության» հարցին՝ երբվանի՞ց կունենանք այդ նոր խաղի կանոնները, Ռուստամյանը պատասխանեց․ - «Այն, ինչ հայտարարել է վարչապետը, ես չեմ կարծում, որ վաղը, մյուս օրը դա մոռացվի և նորից սկսենք նույն ձևով ապրել, ինչ որ մինչև հիմա ենք անում: Սա լուրջ պատասխանատվություն է, որ վարչապետը վերցրել է և պետք է այդ պատասխանատվությանը համապատասխան քայլեր կատարի»:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, նշում է՝ առայժմ որևէ հիմք չունեն վարչապետի խոսքերին հավատալու համար․ - «Ես դա կհամարեի սենսացիոն մի հայտարարություն, անգամ՝ Հայաստանի համար մի լուսաբաց, բայց, ցավոք սրտի, առայժմ մենք որևէ հիմք չունենք հավատալու նման հայտարարություններին: Փառք Աստծո, կա մի կարևոր միջոց, որի շնորհիվ կարելի է հասկանալ՝ իրականում մենաշնորհի դեմ պայքար գնո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ այդ միջոցը մեր բոլոր քաղաքացիները ունեն: Նրանք պետք է ուղղակի գնան խանութ և տեսնեն՝ գները ընկե՞լ են, թե՞ ոչ: Մենք հաշվարկել ենք, եթե վերացվում են մենաշնորհները, ապա շատ կտրուկ անկում է լինում գների՝ մոտ 25-30 տոկոսով: Եթե դա լինի, ուրեմն իմացեք, որ մենաշնորհներ այլևս չկան»:
Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական է համարում, որ շատերը չեն հավատում, թե իշխանությունը այսուհետև խաղի հավասար կանոններ է սահմանելու բոլորի համար, որ մենաշնորհներ չեն լինելու, բոլորը հավասարապես հարկեր են մուծելու և այլն: Հանրապետական պատգամավորի համոզմամբ, մինչև հանրությունը չզգա այդ ամենն ինքն իր վրա՝ հավատ չի ունենալու:
«Քայլերը, պարզապես, պետք է դանդաղ լինեն, բայց զգալի լինեն: Պետք է դա զգացվի աստիճանաբար, ոչ թե պետք է լինի թղթի վրա», - ասաց Բաղդասարյանը:
«Ազատության» հարցին՝ քաղաքացին ե՞րբ կարող է ակնկալել Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների արդյունքը, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Ամեն օր՝ քիչ-քիչ: Յուրաքանչյուր օր՝ քիչ-քիչ: Ոչ թե, ասենք, մեկ ամիս հետո դուք կտեսնեք, թե ինչ է կատարվելու»:
Հարցին, թե այժմ իսկապես ով ինչ ուզի, կարո՞ղ է ներկրել վարչապետի հայտարարությունից հետո, Բաղդասարյանը արձագանքեց․ - «Արդեն պետք է փորձ կատարեն, որովհետև օրենքը դա թույլ է տալիս: Ես խնդրում եմ բոլոր ներկրողներին՝ այդ փորձը կատարեն»: