Հրաժարականի պահանջի պատճառ են դարձել Վիեննայից վերադառնալիս օդանավում Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը:
Ազատության հրապարակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանն ընթերցեց իրենց շտաբի հայտարարությունը․ - «Նա հերքեց իր նախկին հայտարարությունները և ընդունեց տարածքային կորուստների իրական չափերը, որոնք համընկնում են օրեր առաջ կատարված հանրային բացահայտումներին: Սերժ Սարգսյանը առուծախի առարկա դարձրեց նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքը՝ նաև Մարտակերտի շրջանը հայտարարելով բուֆերային գոտի: Սերժ Սարգսյանի այդ արարքը պետական դավաճանություն է, ուստի ենթադրում է նրա հրաժարականի և քրեական պատասխանատվության գործընթաց»:
Չուքասզյանի կարծիքով, մայիսի 17-ին Սերժ Սարգսյանը պնդեց, որ Լեղնային Ղարաբաղը հստակ սահմաններ չունեցող տարածք է՝ այդպիսով մերժեց Լեռնային Ղարաբաղի սուվերենության իրավունքը։
«Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամը եզրակացրեց, թե 1994 թվականի զինադադարով հաստատված դիրքերը վերականգնելուց հրաժարվելով՝ Սերժ Սարգսյանը հրաժարվում է նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորի պարտականություններից․ - «Փորձելով քողարկել արտաքին քաղաքականության բնագավառում և անվտանգության ապահովման ոլորտում առկա համակարգային տապալումը՝ Սերժ Սարգսյանը որդեգրել է ակնհայտ պարտվողական գործելաոճ և փաստացի օգնում է թշնամի պետության գործողություններին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության»:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Հայաստանի նախագահի մեկ այլ հայտարարության, որով նա քննադատներին առաջարկել էր սրճարաններում քարտեզներ գծելու փոխարեն գնալ և ազատագրել կորցրած տարածքները։ Մարտիրոսյանի կարծիքով, գերագույն գլխավոր հրամանատարն իրավունք չունի նման հայտարարությունների․ - «Ասում է՝ թող գնան իրենք: Չի ասում՝ ես գլխավոր գերագույն հրամանատար եմ, ես արգելում եմ ինքնակամ գործողություններ անել, ինքնաիրավչություն անել, սեփական նախաձեռնությամբ, առանց հաշվարկելու, փորձել ինչ-որ դիրքեր գրավել, հողեր ազատագրել: Ինչը նշանակում է, որ ինքը ըստ էության այդ լիազորությունները իր վրայից վայր է դնում»
Արմեն Մարտիրոսյանը եզրափակեց՝ նշելով, որ եթե խոսք գնա տարածքներ հանձնելու մասին, մոբիլիզացիա է ակնկալում ոչ միայն սահմանին, այլև Ազատության հրապարակում։