Ուկրաինայում ՀՀ դեսպանը հետևում է հայերի և ադրբեջանցիների բախման միջադեպի զարգացումներին

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան, արխիվ

Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

«Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով պարզաբանում, ինչպես նաև այն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա Եվրոպայի առաջնություն էր, ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին հարվածել մահակներով»,- ասել է դեսպանը: Նա հավելել է՝ երբ մեր հավաքականը մեկնում էր Երևան, այնպես էր ստացվել, որ օդանավակայանում էր նաև Ադրբեջանի հավաքականը: Ադրբեջանի պատվիրակությունը ներողություն էր խնդրել հայ մազիկներից:

Ինչ վերաբերում է մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախմանը, ապա դեսպանը նշել է, որ այդ դեպքը նույնպես իրենց ուշադրության կենտրոնում է: «Ես զրուցել եմ համապատասխան մարմինների ղեկավարների հետ, իրավապահների հետ կապի մեջ եմ, որպեսզի անվտանգության միջոցառումները խստացվեն: Սպասում ենք հետագա քայլերի: Այս լարվածության պահն անհանգստացնում է, բազմաթիվ գյուղերում, քաղաքներում հայեր և ադրբեջանցիներ են ապրում: Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը չխորանա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է դեսպանը: