Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով Հայաստանի ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
«Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ. Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Դ. Աբրահամյանին 13.05.2016թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։ Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից 16.05.2016թ. որոշում է կայացվել՝ Դ. Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու, մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: