Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ պտտվող աղմկահարույց պատմությունը չի հանդարտվում։
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանն օրերս հայտարարել էր, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո Ղարաբաղ այցելության ժամանակ հայհոյել է տեղի զինծառայողներին:
Մանվել Գրիգորյանի մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում հերյուրանք որակեց այս պատմությունն ու ասաց՝ «Բադասյանը ստախոս է»:
«Վահան Բադասյանն ինքն ապացուցեց, որ ստախոս է, որ ինքը հորինել է այդ պատմությունը, երբ որ փաստեր, փաստարկներ հրապարակվեցին, նեղն ընկավ, ասաց՝ «ես այնտեղ չեմ եղել, իմ ընկերներին են պատմել, որ նման բան է եղել»։ Կամերայի առաջ պոզա էր ընդունում՝ «սենց եղավ, նենց եղավ», հետո խոստովանեց, որ ինքը չի տեսել տենց բան։ Դրանք միտումնավոր տարածվող ստեր են», - ասաց գեներալի խոսնակը։
Վարդանյանը հավելեց, որ ճանապարհը փակ է եղել, բայց, ըստ խոսնակի, զինվորները չեն փակել․ - «Ճանապարհը փակած են եղել՝ անթույլատրելի ձևերով, մեքենաների դռները բաց։ Իրենք շատ քաղաքակիրթ ձևով ասել են՝ «չի կարելի, տղերք ջան»։ Ո՛չ գեներալն ա իջել, ո՛չ էլ խառնվել ա, ու ընդհանրապես զինվորական չեն եղել։ Գեներալը գնացել ա հազարավոր երկրապահներով, որ պաշտպանի, զինվորների կողքին կանգնի, ոնց կարա ինքը զինվորականներին նեղացնի»։
Բադասյանի պնդմամբ՝ գեներալի ավտոշարասյունը Հադրութից դուրս գալիս հանդիպում է հերթափոխի շտապող զինծառայողներին, ովքեր ճանապարհին կանգնել են, որպեսզի տեղավորեն իրենց իրերն ու այդպիսով փոքր-ինչ նեղացրել են Մանվել Գրիգորյանի ավտոշարասյան ճանապարհը, գեներալն էլ զայրացել է այդ տեսարանից ու հայհոյել զինծառայողներին:
Բադասյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ենթադրենք, խոսնակը մի պահ ճիշտ է ասում, բայց այսօր ո՞ր մի գեներալն է շրջում թիկնազորով ու ավտոշարասյունով: Ազատամարտիկն ասաց՝ եթե ստում է, թող դատի տան իրեն:
«Ես ասել եմ, որ չեմ անդրադառնալու այս հարցին, բայց մի՞թե ուզում են, որ ես բոլոր փակագծերը բացեմ։ Իսկ եթե, վերջին, հաշվով իրենք կարծում են, որ ես սուտ եմ խոսել, եթե հարգում են մեր երկրի օրենքները, եթե հարգում են մեր երկրի քաղաքացիներին, եթե իրոք հարգում են իրենց, ուրեմն թող դատի տան», - ասաց Բադասյանը։
Ճշտող հարցին, թե պնդո՞ւմ է, որ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ազատամարտիկներին, Բադասյանը պատասխանեց. - «Այո»։
Թեպետ գեներալ Գրիգորյանն այդպես էլ անձամբ չի արձագանքել Բադասյանի հայտարարությանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ չի հավատում, թե նա հայհոյել է:
«Նա նորից երիտասարդացել է, հիշել է 90-ական թվականները և ամբողջ կազմակերպչական աշխատանքները երկրապահ կամավորականների վերցրել է իր վրա, և նրա քնելու ռեժիմը օրական երեք-չորս ժամ է, և ես զարմանում եմ, որ կգտնվեն այդպիսի մարդիկ, որ այս պարագայում Արցախի հերոսի նկատմամբ նման արտահայտություններ կանեն։ Չենք կարողանում գոնե երկու-երեք օրով բերել Հայաստան, որպեսզի մի փոքր թարմանա և նորից հետ ուղարկենք։ Պարզապես, ես ասում եմ, շանտաժ է դա, մեր հերոսների նկատմամբ մենք պետք է շատ ուշադիր և զգոն լինենք», - ասաց Բաղդասարյանը։