Երևանում ավազակային հարձակման գործը ընդունվել է ՀՔԾ վարույթ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր հաղորդում է, որ վարույթ է ընդունել նախկին ոստիկանի կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրեական գործը:

ՀՔԾ-ի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «ՀՀ ոստիկանության նախկին ծառայող Հրաչյա Ֆ.-ն, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Էդգար Մ.-ի հետ, 2016 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել քաղաքացի Լևոն Ա.-ի տուն և որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել են Լևոն Ա.-ի, Դավիթ Ա.-ի, Անուշ Ա.-ի և Սամվել Հ.-ի վրա՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Տանտերերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ավազակային հարձակում կատարած Հրաչյա Ֆ.-ն ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Էդգար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «ավազակություն, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով», և 235-րդ հոդվածի 1-ին մասով` «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Նախաքննությունը շարունակվում է: