Ռուսաստանը «վիրավորված է» «Եվրատեսիլ»-ի արդյունքից

«Եվրատեսիլ 2016» մրցույթում առաջին տեղը գրաված Սուսանա Ջամալադինովային, ով հայտնի է Ջամալա բեմանվամբ, «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում դիմավորել են որպես ազգային հերոսի, Կիև, 15-ը մայիսի, 2016թ.

Ռուսներն իրենց պարտությունը «դավադրություն» են համարում։

«Երանի այս երգն ընդհանրապես չլիներ»​

Երկրորդ աշխարհամարտի տարիներին դավաճանության և ֆաշիստների հետ հնարավոր համագործակցության կասկածանքով Ղրիմի թաթարների զանգվածային տեղահանումը այդ ժողովրդի համար գործնականում նույնն է, ինչ հայ ժողովրդի համար Օսմանյան կայսրության տարածքում հայության զանգվածային սպանդն ու տեղահանումը։

Այդ ողբերգությունն էր «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի պատվիրակ Ջամալայի երգի թեման։ «1944»-ը հաղթել է։

Հարյուր հազարավոր թաթարներ, ի դեպ, նրանց հետ միասին նաև մեծ թվով ղրիմահայեր, Հյուսիսային Կովկասի ազգերի ներկայացուցիչներ, տարհանվել են, ահել ու ջահել, կին, տղամարդ, երեխա` ուղարկվել են սիբիրներ, ալթայներ։

Ճանապարհին անհաշիվ մարդիկ մահացել են սովից, հիվանդություններից, ցրտից։ Ջամալայի երգը նվիրված է այդ արհավիրքի ականատես նախնիներին։

«Երանի այս երգն ընդհանրապես չլիներ»,- մրցույթից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է հաղթող ճանաչված աղջիկը։

Ռուս-ուկրաինական վեճ Ստոկհոլմում

Տեղահանում, սպանդ, ողբերգություն․ դա, իհարկե, միանշանակ քաղաքական թեմա է, այնպիսի ծանր թեմա, որն ուղղակի առնչվում է ռուս-ուկրաինական առանց այն էլ բարդ հարաբերություններին։ Նախ, թեժ մրցույթ էր բուն կատարողների միջև։

Ըստ երաժշտական մեկնաբանների, ռուսաստանցի պատվիրակ Սերգեյ Լազարևի կատարումը և հատկապես բեմական լուծումները հիրավի պրոֆեսիոնալ էին և տպավորիչ ու առնվազն չէին զիջում Ջամալայի համարին։

Հիմնական ինտրիգն այն էր, որ Ջամալան ներկայացնում է ոչ միայն Ուկրաինան, այլև, գոնե Կիևի տեսակետից և Արևմուտքի ընկալմամբ, հենց Ղրիմը, իսկ դա արդեն մարտահրավեր էր ռուսներին, ովքեր թերակղզին բռնակցել են 2014-ին։ Փաստորեն, պաշտոնական Ռուսաստանի տեսակետից Ջամալայի երգի առկայությունն ինքնին յուրօրինակ «տարածքային ոտնձգություն» էր։

Ջամալայի երգը` ապտակ ստալինապաշտներին

Մեկ այլ քաղաքական հանգամանքն էլ այն է, որ ներկայիս Ռուսաստանն է Սովետական Միության իրավահաջորդը, հետևաբար՝ թաթարների տարհանման մասին հիշեցնելը կշտամբանք է Կրեմլին, անկախ այն բանից, որ Ռուսաստանը դատապարտել է Ստալինի վարչակարգի որոշումները, իսկ ռուսաստանյան մտավորականությունը դրանք հանցագործություն է համարում։

Միևնույն է` Ջամիլայի երգի թեման զրնգուն ապտակ է այն շատ մեծ թվով ստալինապաշտներին, ովքեր հիմա էլ արդարացնում են խորհրդային բռնակալի քաղաքականությունը։

I love you-ների փոխարեն քաղաքականություն

Եվրատեսիլը վերջին տարիներին արմատապես փոխվել է. եթե նախկինում, որպես կանոն, հաղթել են «I love you, but you don’t love me and I cry» թեմաներով քաղցրիկ երգերը, ապա հիմա քաղաքականությունն է որոշիչ գործոնը։

Նախկինում էլ, իհարկե, հարևանները սատարել են միմյանց, հոլանդացին քվեն տալիս էր բելգիացուն, գերմանացին՝ ավստրիացուն, շվեդը` նորվեգացուն, բայց տարածքային և միջպետական վեճերն այդչափ ակնհայտ չէին դուրս գալիս բեմ։

Արդյո՞ք ռուսները կմասնակցեն հաջորդ մրցույթին

Հիմա ռուսները չարախնդում են, թե «Ուկրաինան փող չունի, ինչպե՞ս է անցկացնելու 2017-ի Եվրատեսիլը»։ Ուկրաինացիները պնդում են, որ դրա համար միջոցներ ունեն։

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ իր գերատեսչությունը քննարկում է հաջորդ տարի Ուկրաինայում կայանալիք մրցույթին մասնակցելու հարցը։

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն արդեն ասել է, որ Ուկրաինան կարգելի Ղրիմի խնդրով «սև ցուցակում» ընդգրկված Ռուսաստանի մշակույթի բնագավառի գործիչների մուտքը։

Ռուսաստանում համոզված էին, որ կհաղթի Լազարևը

Ռուսական լրատվամիջոցները նշում են, թե Ջամալան հաղթել է, չնայած այն հանգամանքին, որ ըստ բոլոր կանխատեսումների՝ առաջին տեղում պետք է հայտնվեր Սերգեյ Լազարևը։ Մեկնաբաններից շատերը դա բացատրում են Ռուսաստանի դեմ դավադրությամբ։

«Իդեալական աշխարհում Ջամալան և Լազարևը պետք է գրկախառնվեին և հայտարարեին, որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին կանցկացնեն հաջորդ Եվրատեսիլը։ Լազարևը և նրա հովանավոր Ֆիլիպ Կիրկորովը շնորհավորել են Ջամալային, դա էլ այսօրվա դրությամբ քիչ չէ»,- նշել է «Կոմերսանտ»-ը։

Հեռուստահաղորդավարների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը

Պարբերականի փոխանցմամբ, քաղաքական օրակարգից ամբողջությամբ կախված էին «Ռոսիա 1» հեռուստակայանի հաղորդավարներ Դմիտրի Գուբերնիևը և Էռնեստ Մացկյավիչյուսը, ովքեր եթերում չեն հաղորդել ոչ Ջամալայի երգի անունը, ոչ էլ թեման։

«Նրանք ընդամենն ասել են, թե երգը եվրոպացիներին հուզող փախստականների հարցի մասին է։ Ուրեմն՝ Ղրիմի թաթարների տեղահանում չի եղել»,- գրում է «Կոմերսանտ»-ը։

Ի դեպ, պրոֆեսիոնալիզմի տեսակետից նման անհասկանալի կախվածության մասին է վկայում նաև այն, որ հեռարձակման ընթացքում հայ մեկնաբաններն էլ սկզբունքորեն չեն հաղորդել Ադրբեջանի պատվիրակ Սամրայի անունը:

Հայաստանը՝ «Ռուսաստանից վիրավորված»

Քաղաքական փոխհարաբերություններին է անդրադարձել «Վզգլյադ» պարբերականը՝ նշելով, որ Ուկրաինայի հանրությունը Լազարևին տվել է առաջին տեղը, նույնն արել են Ադրբեջանի, Հայաստանի և մի քանի այլ երկրների հեռուստադիտողները։

Ազգային ժյուրիներից Լազարևին առաջին տեղն են տվել Բելառուսի և Ադրբեջանի մրցավարները, իսկ Հայաստանի մրցավարները Լազարևին տվել են ընդամենը 2 միավոր, «հավանաբար՝ վիրավորանքից, քանի որ Ռուսաստանը ձգտում է վեր մնալ ղարաբաղյան խնդրի վերջին սրացումից», գրում է թերթը: