Մեկ տարի առաջ Կառավարության ծրագրով Դիլիջանին միացված Հովք գյուղում ոչ մի խնդիր չի պակասել։
«Էդ խոշորացումն էլ վերջին ձեռ առնելիքն էր․․․ տարան միացրին մեծ քաղաքին», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Դիլիջանի թաղամաս դարձած գյուղի դասվար Լիդա Հովհաննիսյանը։ Որպես գյուղի էլիտայի ներկայացուցիչ մասնակցել է եկած - գնացած պաշտոնյաների հետ գրեթե բոլոր հանդիպումներին, լսել նրանց խոստումներն ու այդպես էլ արդյունք չի տեսել: Գյուղ տանող ճամփան քարուքանդ է, տրանսպորտ չկա, ոտքով են կտրում 4 կմ-անոց ճանապարհը, խմելու ջուրը խմելու բան չէ, գյուղ հասցված գազն էլ այդպես էլ տներ չի հասել։
Բնական գազին տարիներ շարունակ սպասած գյուղացիներն ի վերջո գյուղում գազի խողովակներ են տեսել, սակայն գազի փականը բացելու փոխարեն լուր են ստացել, թե գյուղը սողանքային գոտում է և գազաֆիկացման համար վտանգավոր։ Թե ինչու նախապես չեն արվել այդ ուսումնասիրությունները և ինչու է միայն գումարը ծախսելուց հետո դա պարզվել, գյուղում ոչ ոք չգիտի։ Բայց ամենամեծ խնդիրը գյուղի տրանսպորտի հարցն է։ Գյուղացիները կամ ոտքով են անցնում մայրուղուց գյուղ տանող 4 կմ-անոց ճանապարհը, կամ էլ շատերին անհասանելի տաքսիներով:
«Միշտ էլ ասել ենք, բարձրաձայնել ենք, աղաղակել ենք, բայց լսողն ո՞վա․․․ փախստականների գյուղա, մեզ երկրորդ կարգի մարդ են համարում», - դժգոհում էին նրանք:
Նախկինում ադրբեջանցիներ են բնակվել Հովքում։ Ղարաբաղյան հակամարտությունից հետո Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից գաղթած հայերով է բնակեցվել։ Գյուղացիները, սակայն, կարծում են, թե հենց իրենց փախստականի կարգավիճակն է շատ դեպքում եղել խնդիրներն անլուծելի թողնելու պատճառը։
«Ոնց որ քամահրանքով վերաբերվեն մեզ, ոնց որ պիտակ լինի մեզ վրա», - ասում էին նրանք:
Քանի դեռ գյուղում անլուծելի են թվում խնդիրները, պատերազմ ու մեծ դժվարություններ տեսած գյուղացիներն ասում են, թե իրենք էլ մի օր կողպելու են դռներն ու լքեն զարմանահրաշ բնություն ունեցող Հովքը։