ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ համախառն ներքին արդյունքը կրճատվել է 3.1 տոկոսով, և սա այն դեպքում, երբ անցած տարին միությունը փակել էր 3 տոկոսանոց անկումով:
Կրճատվում է նաև միության անդամ երկրների փոխադարձ առևտուրը: Մինչդեռ, երբ ստեղծվում էր Կրեմլի նախաձեռնած միությունը, Ռուսաստանի, միության անդամ այլ երկրների՝ ներառյալ Հայաստանի բարձրագույն ղեկավարները պնդում էին, թե մաքսային միացյալ դաշտը նպաստելու է փոխադարձ առևտրի մեծացմանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, այս հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ երկրների փոխադարձ առևտուրը անկում է ապրել 17.1 տոկոսով, և դարձյալ այն պարագայում, երբ 2015-ը ԵՏՄ երկրները փակեցին փոխադարձ առևտրի 25.8 տոկոս կրճատմամբ:
Ի պատասխան անկում ցույց տվող թվերի՝ անցած տարի, օրինակ, Հայաստանի իշխանությունները հորդորում էին սպասել՝ ասելով, թե միության դեռ անդրանիկ տարին է: Այս տարի արդեն չեն խուսափում բարձրաձայնել խնդիրների և խոչընդոտների մասին:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը անցած ամիս անգամ խոստովանեց, որ Հայաստանը դեռ չի օգտվել ԵՏՄ առավելություններից․ - «Տարբեր պատճառներ կան․ սկսած նրանից, որ, այո, կար անպատրաստության տարր, ավարտած նրանով, որ ընթացակարգերի ոչ-լիարժեք ընկալում կա նաև ռուսական կողմից և այն մյուս կողմերից: Այսինքն, ոչ միայն միակողմանի, այլև երկկողմանի խնդիրներ են եղել»:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է Հայաստանի առևտուրը ԵՏՄ անդամ Ռուսաստանի (10.4 տոկոսով), Ղազախստանի (51.2 տոկոսով) և Բելառուսի (56.1 տոկոսով) հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի կարծիքով, մոտ ապագայում Հայաստանի տնտեսությունը չի կարող շահել ԵՏՄ-ից, անհրաժեշտ է սպասել․ - «Հայացք նետեք Եվրոպական միության օրինակին․ ԵՄ-ին անդամակցող երկրները մեկ-երկու տարում չփոխվեցին: Միջնաժամակետ քաղաքականություն է պետք: Հնարավոր է, մենք չտեսնենք արագ փոփոխություններ»:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, ԵՏՄ գործերի վատ վիճակը, անշուշտ, պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության անկումով, սակայն խնդիրները չպետք է պատճառաբանել միայն նավթի գների անկմամբ կամ Մոսկվայի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներով: Ըստ Խաչատրյանի, ակնհայտ է, որ գլխավորապես հանքահումքային տնտեսություն ունեցող ԵՏՄ երկրներում չեն ստեղծվում տնտեսական զարգացման, հետևաբար՝ երկարատև, կայուն աճի պայմաններ․ - «ԵՏՄ անդամ երկրներում մի մոտեցում կա, որ այդտեղ հիմնականում հենց ավտորիտար համակարգերին ձգտող երկրներ են․ ես նկատի ունեմ և՛ Բելառուսը, և՛ Ղազախստանը: Նույն և Ռուսաստանին է վերաբերում հիմա: Ոնց որ թե մենք էլ ենք ձգտում, մեր այս սահմանադրական նաև փոփոխությունների տրամաբանությունը դրան էր տանում: Բայց պարզվեց նաև, որ այդ համակարգերի հնարավորությունները շատ սահմանափակ են, և հումք ունենալը և հումքով պայմանավորված տնտեսություն ունենալը միայն բավարար չէ տնտեսության զարգացման համար»: