Հայազգի գործարարները գնել են Մոսկվայի հանրահայտ «Արագվի» ռեստորանը

Մոսկվայի Կարմիր հրապարակը 1968 թվականին, արխիվային լուսանկար

Նոր սեփականատերերը 20 միլիոն դոլար ծախսելով ցանկանում են վերականգնել լեգենդար ռեստորանի համբավը:

Մոսկվայում սովետական շրջանում ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվի»-ն գնել են ռուսաստանաբնակ հայազգի գործարարները՝ «Տաշիր գրուպ»-ը և Գոռ Նահապետյանը, ով նախկինում «Տրոյկա Դիալոգ» ներդրումային խմբի առաջնորդն էր: Նրանք 20 միլիոն դոլար են ներդրել «Արագվի»-ն վերանորոգելու և վերաբացելու համար, ասելով, թե ցանկանում են վերակենդանացնել սովետական շրջանի լեգենդ ռեստորանը:

«Իհարկե մենք ցանկանում ենք վերակենդանացնել անցած դարաշրջանի նոստալգիան», - France-Presse-ին ասել է Գոռ Նահապետյանը:

Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում Տվերսկիի վրա գտնվող «Արագվի»-ն ժամանակին Մոսկվայի ամենահայտնի ու լեգենդար վայրերից էր: Այստեղ են հաճախել ճանաչված դերասաններ, նկարիչներ, մարզիկներ, տիեզերագնացներ: Ըստ լեգենդի, այստեղ է մտահղացվել Խորհրդային Միության օրհներգի տեքստը՝ 1943-ին բանաստեղծ Սերգեյ Միխալկովը հենց «Արագվի»-ում է ոգեշնչվել ու գրել այն:

Բայց «Արագվի»-ն նաև չարագուշակ վայր էր: Այս ռեստորանը գաղտնի հանդիպումների համար օգտագործել են ԿԳԲ-ի գործակալները: Ավելին, ըստ լեգենդի, 1938-ին «Արագվի»-ն բացվել է Լավրենտի Բերիայի նախաձեռնությամբ:

Ստալինյան բռնաճնշումների այդ վատթարագույն տարում «Արագվի»-ում հանդիպումներ, խնջույքներ էին կազմակերպում НКВД-ի պաշտոնյաներն ու գործակալները, որը հետագայում վերանվանվեց КГБ: Ըստ լեգենդներից մեկի՝ խնջույքի համար այստեղ սենյակ էր պատվիրել և Բերիան, և այդ սրահը ևս սովետական շրջանի ոգով վերանորոգվել է:

Նախկին հետախույզ Միխայիլ Լյուբովը, ով երկար ժամանակ ղեկավարել է Բրիտանիայի և Սկանդինավյան երկրների դեմ լրտեսական գործողությունները, France-Presse-ին պատմել է, որ «Արագվի»-ի սեղաններում մոնտաժված էին միկրոֆոններ ու ձայնագրող սարքեր: Անձամբ ինքը երկու նոր աշխատակիցների հետ հանդիպել է «Արագվի»-ում: «Մի ուրիշ երեկոյի ժամանակ մեր գինովցած գործընկերներից մեկը պարի հրավիրեց մի գեղեցիկ աղջկա, չիմանալով, որ նա ամերիկացի լրտես է», - ծիծաղելով պատմել է նախկին հետախույզն ու նաև ասել, որ «Արագվի»-ի դռնապահները հիմնականում թոշակի անցած գործակալներ էին:

Բացվելուց հետո «Արագվի»-ն շատ արագ հայտնի ռեստորան դարձավ, իսկ 60-ականներին, Նիկիտա Խրուշչովի «հալոցքի ժամանակաշրջանում» «Արագվի»-ն դարձել էր բոհեմական խավի՝ դերասանների, նկարիչների սիրելի վայրերից մեկը:

Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա մոսկվացիների համար այն վրացական անկրկնելի համով ուտեստներ էին: Ստալինյան ժամանակաշրջանում դելիկատեսները, ընկույզով ու սխտորով պատրաստված հավը՝ սածիվին, հատուկ գնացքով բերում էին Թբիլիսիից: Գրող Լեոնիդ Պարֆյոնովը պատմել է, որ ծագումով վրացի Ստալինի համար վրացական մթերքները Կրեմլ էին բերում ու նրան մատակարարում որպես սովետական ցարի: «Նույնիսկ նրա մահից հետո, սովետական մռայլ խոհանոցում վրացական ավանդական ուտեստները, գինին ու համեմունքները կենսախնդության շունչ էին բերում, և «Արագվի»-ն սովետական շիկի սիմվոլն էր»,- ասել է Պարֆյոնովը:

Խորհրդային Միության փլուզումից՝ 1991-ից հետո «Արագվի»-ն մի քանի սեփականատեր փոխեց, վերավաճառվեց, բայց հին օրերի հմայքը չվերականգնվեց, ու 2003-ին ռեստորանը փակվեց:

Հիմա հայազգի նոր սեփականատերերը 20 միլիոն դոլար ծախսելով ցանկանում են վերականգնել ռեստորանի համբավը: Խոհանոցը հիմնականում վրացական է, ինչը նախկինում գերել է այցելուներին, գումարած այլ ճաշատեսակներ՝ սևծովյան ձկնեղեն, ռուսական բորշչ:

Վերանորոգված սրահները լրիվ համապատասխանում են սովետական դարաշրջանին՝ եգիպտացորենի փնջեր, տրակտորների ու կոլտնտեսականների առույգ, ժպտացող դեմքերով կտավներ, մասնավորապես՝ այն սենյակում, որը ժամանակին պատվիրել էր Բերիան:

Վերաբացված ռեստորանի այցելուների գիրքը լի է նոստալգիկ գրառումներով՝ «Վերադարձրե՛ք նախկին բաղադրատոմսերը»: