Հարուցվել է քրգործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողի սպանության դեպքով

ՀՀ ԶՈւ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Հայ-ադրբեջանական շփման գծի Նախիջևանի հետ սահմանային դիրքերից մեկում երկու օր առաջ հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանվել էր Վայքի զորամասի 25-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին այսօր տեղեկացրեց Քննչական կոմիտեն։

Միջադեպից ժամեր առաջ Պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրագրողների այց Վայքի զորամաս և Նախիջևանի հետ սահմանային դիրքեր։ «Ազատության» հետ զրույցում Վայքի զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Պողոսյանը ընդգծեց, որ իրենց ուղղությամբ հիմնականում վիճակը հանգիստ է։

«Ընդամենը շարժերն են ավելացել, հակառակորդը աշխատանքներ է տարել ինժեներական՝ ամրապնդելով իրենց դիրքերը, բայց կուտակումներ՝ ստորաբաժանումների, զրահատեխնիկայի, չի եղել», - ասաց Պողոսյանը։

Օրեր առաջ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն տարածեց, որ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում հայկական զինված ուժերը չեզոքացրել են հետախուզական անօդաչու թռչող սարք։ Վայքի զորամասի հրամանատարը «Ազատությանը» պատմեց, որ իրենց տարածքում թռչող սարքեր նախկինում չեն նկատել, այդուհանդերձ, Պողոսյանը քիչ հավանական համարեց Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կողմի գործողություններ սկսելը։ Նրա պնդմամբ՝ դա հնարավոր կլինի, եթե ադրբեջանցիները ղարաբաղյան ուղղությամբ հաջողությունների հասնեն:

Իսկ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանային վիճակը կարող է փոխվել ցանկացած պահի:

«Մեր ամբողջ սահմանով մեկ իրադրությունը կարող է փոխվել կայծակնային արագությամբ։ Մենք պետք է բոլորս լինենք պատրաստ և չհավատանք ոչ մի տեսակի խոստումներին, որ հակառակորդը կարող է այս ուղղությամբ պահել հրադադարի ռեժիմ կամ իրեն հանգիստ պահել», - նշեց նա։

Նախիջևանի հետ սահմանային դիրքերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող, 10 ամսվա ժամկետային զինծառայող Արսեն Պողոսյանը «Ազատությանը» պատմեց, որ ապրիլյան դեպքերը իրենց վրա մեծ ազդեցություն են ունեցել․ - «Մեր վրա ենք փոփոխություն զգացել, ավելի զգոն ենք եղել, ավելի աչալրջորեն։ Ճիշտն ասած՝ այստեղ եսիմ ինչ դեպքեր չի եղել, բայց սրտացավ ենք եղել Ղարաբաղում ծառայող մեր ընկերների համար։ Ամեն վայրկյանի էլ մենք պատրաստ ենք հակառակորդի հարձակումներին»։

Օրեր առաջ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կողմից մեկ զոհի և վիրավորի մասին տեղեկություն էին տարածել ադրբեջանական լրատվամիջոցները: