Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է

Հուշարձանների ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում, արխիվ

Իսկ մայիսի 21-ին կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան։

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է։ Այդ օրը թանգարանների դռները անվճար բաց կլինեն այցելուների առաջ։

Իսկ մայիսի 21-ին 11-րդ անգամ Հայաստանում կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան, որի ընթացքում ոչ միայն այցելուների համար անվճար մինչև կեսգիշեր բաց կլինեն թանգարանների դռները, այլև ամենատարբեր միջոցառումներ կանցկացվեն՝ նոր ցուցադրություններ, կինոդիտումներ, դասախություններ գրքերի շնորհանդեսներ, դասական երաժշտության և ազգագրական երգի երեկոներ և այլն:

Թանգարանների աշխատակիցների վկայությամբ, տարեցտարի հենց այդ օրերին ավելի ու ավելի է շատանում այցելուների թիվը։

1977 թվականի մայիսի 18-ից սկսած աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ավելի քան 30 հազար թանգարաններ ամեն տարի այդ օրը որոշակի կարգախոսի ներքո նշում են Թանգարանների միջազգային օրը՝ ամենատարբեր միջոցառումներով։

Այս տարվա թեմատիկ կարգախոսը աշխարհի բոլոր թանգարանների, այդ թվում և Հայաստանի թանգարանների համար հետևյալն է՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»։

Մայիսի 21-ին անցկացվող «Թանգարանային գիշերը» ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս այցելուների համար հրաշալի առիթ կլինի, օրինակ, Երևանում մինչև կեսգիշեր շրջելու թանգարաններում և մասնակիցը լինելու ամենատարբեր միջոցառումների։

«Թանգարանային գիշեր»-ը նշվում է 2005 թվականից՝ Ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ և ՅՈւՆԵՍԿՕ-ի ու Եվրախորհրդի հովանավորությամբ։

Այս տարի Հայաստանում «Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցում է 112 թանգարան։