Կոռուպցիայի դեմ լավագույն դեղամիջոցը, ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, ազատ և արդար ընտրություններն են, ազատ մամուլն է և անկախ դատական իշխանությունը։
«Բայց սկզբնաղբյուրը ազատ և արդար ընտրություններն են, որովհետև քանի դեռ ժողովուրդը չի ընտրում իր սեփական իշխանությունը, քանի դեռ ժողովուրդն ինքը չի որոշում իշխանության բախտը ընտրություններում, այդ իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա, այդ իշխանությունն օգտագործելու է իշխանական լծակները սեփական հարստացման համար՝ շատ լավ իմանալով, որ անպատիժ է մնալու, միևնույն է՝ իր ճակատագիրը ոչ ոք չի լուծելու։ Այսինքն՝ մենք Հայաստանում չունենք ժողովրդի առջև հաշվետու իշխանություն և չենք էլ կարող ունենալ, քանի դեռ ազատ և արդար ընտրությունների մեխանիզմը չի գործում», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զուրաբյանը։
Ընդդիմադիր գործիչը կոռուպցիայի դեմ պայքարի իր առաջարկը ներկայացրեց իշխանություններին։ «Ես հենց հիմա իշխանություններին այս առաջարկն անում եմ՝ ուզո՞ւմ եք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարել, ուրեմն հենց հիմա համաձայնվեք ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված հինգ պահանջների հետ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխման, և դուք կստանաք ամենաարդյունավետ միջոցը կոռուպցիային վերջ տալու համար, որովհետև դա միանգամից կխարխլի ընտրակեղծարարության մեխանիզմը Հայաստանում», - ասաց Զուրաբյանը։
Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մայիսի 5-ի նիստի մեկնարկին հայտարարեց, որ Հայաստանը բավարար չափով չի զարգանում ու չի պայքարում կոռուպցիայի դեմ, որպեսզի դիմակայի նոր մարտահրավերների: Վարչապետը հայտարարեց իշխանությունների մի շարք նախաձեռնությունների մասին՝ բյուջեի խնայողություն, պետական համակարգի կրճատում, պայքար կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ:
«Պետական ապարատի կրճատումն, ինձ թվում է, ոչ այնքան հակակոռուպցիոն պոտենցիալ ունեցող քայլ է, որքան այդ ավելորդ ծախսերը կրճատելու, ուրիշ հարց՝ դա իրենք կանե՞ն, թե՞՝ չէ։ Կոպիտ ասած, գումար է պետք, գիտակցում են, որ անվտանգության խնդիրներ կան», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով. - «Եթե փոքրացնում ես ապարատը, բայց կառավարման տրամաբանությունը չես փոխում, այդ ռիսկը մնում է»։
Քաղաքագետ Դավիթ Մանուկյանը պետական ապարատի կրճատումն ածանցյալ խնդիր է համարում։ «Դա հիմնական խնդիրը չի, և դա դարձնել գերխնդիր՝ իմ կարծիքով, ինչ-որ մանիպուլյացիաների տարրեր իր մեջ ունի։ Եթե իսկապես օպտիմալացման տարբերակ կա, օրինակ՝ Սփյուռքի նախարարությունն ի՞նչ է անում, ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը կարող է լինել մի վարչություն Արտաքին գործերի նախարարության կազմում։ Որևէ մեկը թող փաստերով թվարկի Սփյուռքի նախարարության տված արդյունքը՝ համեմատած այն ծախսերի հետ, որն արվում է այդ նախարարությունը պահելու համար», - ասաց Մանուկյանը։
Քաղաքագետն առաջարկեց կառավարությանը պետական ապարատն օպտիմալացնելու համար նախ ուշադրությունը սևեռել Ոստիկանության վրա․ - «Կրճատե՛ք Ոստիկանությունը, կրճատե՛ք ոստիկանական համակարգում էդ չարդարացված ծախսերը, էդ շքեղությունը։ Այսօր հասարակության մեջ ինչքան էլ [Հայաստանի ոստիկանապետ] Վլադիմիր Գասպարյանը ջղաձգվի, սթափվելու կոչեր անի, ինքը չի կարող չընդունել և պետք է ընդունի՝ այսօր ամբողջ հասարակությունը ընկալում է Ոստիկանությունը ոչ թե որպես իրավապահ մարմին, այլ որպես բանակ՝ ուղղված ժողովրդի դեմ, որը պաշտպանում է իշխանությունը ժողովրդից»։
«Ազատության» դիտարկմանը, թե այդ ծախսերի մի մասը նաև միջազգային կառույցների կողմից է իրականացվում, Մանուկյանն այսպես արձագանքեց. - «Գրանտով ինչ-որ ծրագրեր են իրականացնում, աշխատավարձ գրանտով բնականաբար չեն տալիս, պետությունը սիրում է քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպություններին գրանտակերներ անվանել, եթե ուղղակի գրանտից օգտվողին գրանտակեր են անվանում, Ոստիկանությունը ևս գրանտակեր է, որովհետև գրանտներով է աշխատում»։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն էլ ասաց՝ դեռևս բավարար հիմքեր չունի ասելու, որ կառավարության գիտակցումն իսկապես մոդել փոխելուն ուղղված գիտակցում է։ «Հիշեք նախագահի ելույթը, որ 100 միլիարդ դրամ հարկային եկամուտներ են ապահովել ապրիլին, և նա ասաց, որ հիմնական հարկատուները չեն ավելացել, հասկացրեց, որ ստվերից են հանվել։ Սա մոդելի փոփոխություն չի, սա ավելի շուտ փորձում են ավելի էֆեկտիվ դարձնել գործող մոդելը, իսկ այդ մոդելն ունի շատ լուրջ սահմանափակումներ, դրա համար ես սա տեսնում եմ փորձ՝ եղած մոդելը մի քիչ ավելի արդյունավետ դարձնելու, բայց ենթադրում եմ, որ կլինի այն, ինչ եղավ, ասենք, երբ Խորհրդային Միությունը պերեստրոյկայի անցավ, որն ուղղակի բերեց փլուզման», - ասաց Հոկտանյանը։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 15-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․