Վանաձորցիները դատի կտան «անմխիթար» փողոցները չնորոգողներին

Վանաձորի կիսաքանդ փողոցներից մեկը, մայիս, 2016թ․

Նրանց պնդմամբ, հարկ ու տուրք են մուծում նաև ճանապարհների բարեկարգման համար, ինչը տեղի չի ունենում: Ի հետևանք, նյութական մեծ վնասներ են կրում:

«Անմխիթար, կիսաքանդ, գնդակահարված, ահավոր», ահա այսպիսի բառերով են վանաձորցի վարորդները նկարագրում Լոռու մարզկենտրոնի փողոցները: «Ոնց որ կռիվը, պատերազմը ստեղ եղած լինի, այ էդ ձևի քրքրված ա: Քաղաքի ծայրամասերի փողոցներն ընդհանրապես: Ընդեղ մենակ հարկավոր ա թրթուրավոր տրակտորով շարժվել»,- դժգոհում են վանաձորցիները:

Քաղաքապետարանը 100 միլիոն դրամ է նախատեսել քաղաքի շուրջ հիսուն փողոցներում փոսային նորոգումներ կատարելու համար: Քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ տեխնիկական խնդիրների, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով աշխատանքներն այսօրվանից են միայն մեկնարկել:

Վարորդները, մինչդեռ, բողոքում են՝ բոլոր հարկերն ու տուրքերը ժամանակին վճարում են, փոխարենը աշխատանք չեն տեսնում: «Հարկ ու տուրքը մուծվում ա, ավելին ասեմ՝ եթե ուշացվում ա, տուգանքներ ու բաներ ա ավելանում, իսկ ճանապարհները ինչի՞ չի ժամանակին վերանորոգվում»: 28-ամյա Գևորգ Քոթանջյանը վերջին տասը տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ նյութական վնաս է կրել փոսերի պատճառով:

«Գույքահարկը դու վճարում ես, որպեսզի ճանապարհները նորոգվեն, ու փաստացի դու գնում ես անմխիթար ճանապարհներով: Վերջին անգամ փոսերի պատճառով երբ վնաս կրեցի, մոտավորապես չորս հարյուր հազար դրամ իմ գրպանից ես գումար դրեցի»:

Գևորգն արդեն մեկ ամիս է՝ իրականացնում է «Բարի ճանապարհ» ծրագիրը, որի շրջանակներում աջակցում են այն վարորդներին, որոնք տուժել են փոսերի պատճառով: Ծրագրի մասնակիցներից Արբակ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ փորձելու են հաջողության հասնել դատարանում: Արդեն կան տուժած վարորդներ, ովքեր ցանկություն են հայտնել իրենց խնդիրը դատական ճանապարհով լուծել: