Պապի Հայաստան այցի ծրագիրը հագեցած կլինի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը և Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկություններ են հրապարակել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի ծրագրի վերաբերյալ:

Այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Պապը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ Հայաստանի իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռում Ֆրանցիսկոս Պապի և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Գարեգին երկրորդի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Հունիսի 26-ին Մայր Աթոռում Ֆրանցիսկոսը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Հռոմի Պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նույն օրը Ֆրանցիսկոսը Երևանից կմեկնի Հռոմ: