Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատը։
Ռուս զինծառայողները, չնայած տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդություններին, այդպես էլ չներկայացան դատարան։
Հիշեցնենք, որ վկաների հարցաքննության մեկնարկին դատարան էին կանչվել մի շարք ռուս զինծառայողներ, սակայն 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովը դատարանին տեղեկացրել էր, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով գտնել հատկապես Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար, պահակակետի պետ Անդրեյ Նիկիշինին և որպես վկա ներգրավել գործում՝ համարելով նրան գործում կարևոր վկաներից մեկը։ Վերջինիս մասին ասված էր, որ նա այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։
Այսօր դատավոր Հարություն Մովսիսյանը հայտարարեց, որ դատարանը Ռուսաստանի քաղաքացիներին բերման ենթարկելու իրավասություն չունի, իսկ օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրառել է՝ ապահովելու վկաների ներկայությունը, սակայն, ըստ դատավորի, դա հնարավոր չի եղել։
Դատարանը նաև հայտարարեց, որ զինծառայողներից երեքը հեռագիր են ուղարկել՝ տեղեկացնելով, որ ընտանեկան խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան, և խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները։
Ըստ Նիկիշինի նախաքննական ցուցմունքի, իրենք մեկնել են Ռուսաստանի Չիտա քաղաք՝ այնտեղից 40 զինծառայողների Գյումրիի 102-րդ ռազմաբազա ծառայության տեղափոխելու նպատակով։ Նա նշել է, որ զինծառայողների հետ անհատական զրույցներ չեն ունեցել, ընտրել են 40-ին և 2014 թվականի նոյեմբերի 27-ին նրանց տեղափոխել Հայաստան, այդ թվում՝ Վալերի Պերմյակովին։
Նիկիշինն ասել է, որ Պերմյակովը մյուս զինվորներից որևէ բանով աչքի չի ընկել։
Նշենք, որ հարցաքննության ժամանակ Պերմյակովն ասել էր, թե Հայաստանում բուժզննություն չի անցել, սակայն Նիկիշինն իր ցուցմունքում ասել է, որ Հայաստան տեղափոխված 40 զինծառայողները 102-րդ ռազմաբազայում անցել են հոգեբանական հատուկ թեստ և բուժզննություն։
Փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են դատարան քաղհայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։
Մանրամասներն՝ ավելի ուշ