Տարեկան տրվող կաշառքի չափը տատանվում է 1,5-2 տրիլիոն դոլարի սահմաններում, կամ՝ կազմում է համաշխարհային տնտեսության 2 տոկոսը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը: Հայտարարությունը հրապարակվել է Լոնդոնում մեկնարկած հակակոռուպցիոն գագաթաժողովի կապակցությամբ:
«Կոռուպցիան ունի կործանարար ազդեցություն տնտեսության վրա», - բնորոշել է հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը: Նա նաև նկատել է, որ կոռուպցիան ուղղակիորեն բացասաբար է ազդում քաղաքացիների վրա: Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը ուշադրություն հրավիրել հանգամանքին, որ կաշառք տալու պատճառով նվազում են հատկացումները կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում, իսկ այդ ոլորտներում, որոնց միջոցով հնարավոր է օգնել աղքատության մեջ ընկղմված մարդկանց:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, շուրջ 5 տասնյակ այլ երկրների կառավարությունների ղեկավարի, Աֆղանստանի և Նիգերիայի նախագահների մասնակցությամբ Լոնդոնում անցկացվող գագաթաժողովի ժամանակ կոռուպցիան դատապարտող հայտարարությունների և ձևակերպումների պակաս չի եղել:
«Կոռուպցիան քաղցկեղ է մեր աշխարհում կարգավորման կարիքն ունեցող բազմաթիվ խնդիրների սրտում»,- բնորոշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մեծ առաջընթաց է համարել գագաթաժողովի մասնակիցների համատեղ հայտարարությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ մի շարք երկրների ղեկավարներ միահամուռ պատրաստակամություն են հայտնել վճռական և միասնական պայքար մղել ընդդեմ կոռուպցիայի:
Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին կոռուպցիան որակել է որպես թշնամի, քանի որ այն ավերում է պետությունները՝ «ինչպես որ դա անում են որոշ ծայրահեղականներ կամ այլ մարտահրավերներ, որոնց դեմ մենք պայքարում ենք»:
Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ԳՐԵԿՈ խումբը փետրվարին Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցում նշել էր. - «Թեև կոռուպցիայի դեմ պայքարը տարիներ շարունակ եղել է Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից մեկը, այդուամենայնիվ այն մնում է դեռ կարևոր խնդիր, և խիստ անհրաժեշտ է, որ այս ուղղությամբ բարեփոխումներն իրականացվեն առանց հապաղելու և վճռականությամբ»:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն ապրիլին հրապարակեց 2015 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ «Կոռուպցիան, օրենքի ընտրողաբար կիրառումը և ազդեցիկ պաշտոնյաների անպատժելիությունը և դրանց հետ կապված հանգամանքները խնդիր են եղել»: Որպես օրինակ՝ վկայաբերվել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և ընկերների մասնակցությամբ Հարություն և Մուշեղ Զաքարյաններին ծեծելու պատմությունը:
Հիշատակված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների թանկարժեք տների, ավտոմեքենաների վերաբերյալ բացահայտումների, եկեղեցուն վարչապետի նվիրատվության մասին տեղեկությունները տեղեկությունները: