Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը խորհուրդ է տալիս լինել իրատես և այս տարի բարձր տնտեսական աճ չսպասել: Այսօր «Ազատության» հետ զրույցում Սանչեսն ասաց՝ հնարավոր է 2016-ը Հայաստանը փակի 2 տոկոսին մոտ տնտեսական աճով:
«Կարծում եմ, պետք է իրատես լինենք 2016-ի առումով: Չեմ կարծում, թե տնտեսական աճը բարձր կլինի՝ կանխատեսում ենք մոտ 2 տոկոսի սահմաններում: Պետք է սպասել մեր գնահատականին, որը կհրապարակվի հունիսին: Աճի այդ ցուցանիշը վատ չէ՝ համեմատած տարածաշրջանի հետ ու նաև հաշվի առնելով այն, ինչ կատարավում է Ռուսաստանում, Եվրամիությունում»,- այսօր «Ազատությանն» ասաց ԱՄՀ ներկայացուցիչը:
Ամիսներ առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել էր Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը: Եթե անցած տարվա սեպտեմբերին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ 2016-ը Հայաստանը կփակի 2,2 տոկոս աճով, ապա այս ապրիլին հրապարակված զեկույցի համաձայն՝ աճը կկազմի 1,9 տոկոս:
Մինչդեռ, Հայաստանի կառավարությունն այս տարվա համար նախատեսել է 2,2 տոկոս տնտեսական աճ, որն ամրագրված է 2016 թ․ պետբյուջեում: Իշխանության նախանշած այդ թիվը ամենափոքրն է 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո: Անցած տարվա համար, օրինակ, կառավարությունը նախատեսել էր ապահովել 4,1 տոկոս աճ, մինչդեռ, տարին ամփոփեց 3 տոկոս աճով:
Վերջին շրջանում կառավարության ներկայացուցիչները հազվադեպ են խոսում երկրում տիրող տնտեսական իրավիճակի մասին: Մարտին, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեցինք այդ թեմայով, նա լավատես էր: «Տնտեսությունը շարժելու ենք առաջ, ևս մեկ անգամ ուզում եմ կրկնեմ՝ մեր հաջողությունները մեր միասնականության մեջ է»,- ի պատասխան, պատկերավորել էր վարչապետը:
«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, եթե Հայաստանի համախառն ներքին արդյունքը արտահայտեք ԱՄՆ դոլարով, ապա կստացվի, որ նախորդ 5 տարիներին տնտեսությունը չի աճել՝ մնալով մոտ 11 միլիարդ դոլարի մակարդակին: Եվ դա այն դեպքում, երբ յուրաքանչյուր տարի իշխանությունները հայտարարել են գրանցած աճի մասին: Գևորգյանը հիշեցրեց՝ հատկապես 2009 թ․ տնտեսական ճգնաժամից հետո իշխանությունները բազմիցս են խոսել բարեփոխումների, տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, սակայն իրավիճակը չի փոխվել:
«Խոսքն առաջին հերթին ստվերային տնտեսության կրճատման մասին է, իշխանության կողմից հովանավորվող բիզնեսներից այդ հովանավորչությունը հանելու, արհեստական մենաշնորհները ջախջախելու և նմանատաիպ այլ մի քանի խնդիրներ լուծելու մասին է: Այնպիսի խնդիրներ, որոնք ժամանակակից աշխարհը վաղուց լուծել է ու ապացուցել, որ դա տնտեսական աճ ապահովելու ամենակարճ ու ամենահուսալի ճանապարհն է: Մեր կառավարության մոտ դա չի ստացվում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը: