Ահաբեկչության և այլատյացության զոհ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ամբողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչության բռնկումներին:
Նա ընդգծել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային իր զորակցությունն է հայտնել Թուրքիան, որը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: 21-րդ դարում անընդունելի համարելով ժխտողականությունն ու շրջափակումը, ահաբեկչությունն ու այլատյացության բոլոր դրսևորումները, Ազգային ժողովի փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը: Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը հյուրերին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք իրականացվել են ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման) ձեռագրով:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ երկրում, ինչպես ցանկացած ժողովուրդ»,- ընդգծել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը և պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այն դեռևս 1991 թվականին դուրս է եկել ԽՍՀՄ-ի կազմից, այլ ոչ թե Ադրբեջանի: Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման սկիզբ առած գործընթացը շարունակական կլինի, և Լեռնային Ղարաբաղը կհամալրի ՄԱԿ-ի անդամ երկրների շարքը՝ ՄԱԿ-ի, որի գերակա նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Շարմազանովը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները: