Newsweek հանդեսի փոխանցմամբ, Հաղթանակի օրվա մոսկովյան տոնական զորահանդեսը ոչ այնքան կոչված էր ապացուցելու ռազմական բնագավառում Ռուսաստանի նվաճումները, որքան ուներ ներքին սպառման նշանակություն և պետք է խթաներ ռուսաստանցիների ազգային հպարտությունը։
Բայց, ըստ սպառազինությունների հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայում գործող Պաշտպանական հետազոտությունների միացյալ արքայական ինստիտուտի աշխատակից Իգոր Սուտյագինի, զորահանդեսն ընձեռում է ռուսական բանակի վերաբերյալ որոշ կարևոր եզրահանգումներ անելու հնարավորություն։
Նրա համոզմամբ, վերջին տարիներին առկա է զինված ուժերի հանդեպ Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության մոտեցման կարևոր փոփոխություն, ինչի մասին վկայում են տեխնիկայի նոր դետալները։
Ռուսաստանը սկսել է գիտակցել, որ զինված ուժերի առավել արժեքավոր բաղադրիչը պատրաստված անձնակազմն է։ Այդ փաստի ընդունումն էլ, օրինակ, ստիպել է հրաժարվել հին կոնստրուկցիայի զրահափոխադրիչներից, որոնցից ջոկը դուրս էր գալիս միայն կողքի դռներից և անմիջապես հայտնվում թշնամու կրակի տակ։ Նոր զրահափոխադրիչից մարտիկը դուրս է գալիս հետևի դռնից։ Այդ կարգի տեխնիկայի նմուշներից են «Կուրգանեց-25», «Բումերանգ» զրահափոխադրիչները, «Տայֆուն» տեսակի զրահապատ մարդատար-բեռնատարը, դեսանտի համար ստեղծված «ԲՄԴ 4 Մ Սադովնիցա» զրահամեքենան։
«Նոր մեքենաների զրահապաշտպանությունը արմատապես բարելավվել է, մեքենան այլևս չես անվանի «եղբայրական գերեզման» անիվների վրա», - նշել է Սուտյագինը՝ հավելելով, որ նոր մեքենաների ներսի հատվածները նույնպես առավել հարմար են անձնակազմի համար՝ թե՛ երկար ճանապարհ անցնելու, թե՛ մարտական գործողություն վարելու իմաստով։
Ռուսաստանը 4 անգամ կրճատել է զինված ուժերը և այլևս չի կարող հույսը դնել բանակի մեծության վրա, ուստի նոր վարդապետության նպատակն է ոչ մեծաթիվ բանակով թշնամուն ծանր հարված հասցնելը։
Տ-14 «Արմատա» հրասայլի կոնստրուկցիայի առաջնահերթությունն էլ անձնակազմի ապրելունակությունն է։ Այս ամենը վկայում է նոր միտումի մասին` ստեղծել մարտական նոր մեքենաներ, որոնք ռազմական գործողության ընթացքում կարող են սատարել միմյանց։
«Արմատա» հրասայլը կարելի է համեմատել Ամերիկայում արտադրվող «Սթրայքեր» տեսակի զրահամեքենայի հետ, բայց ռուսական հրասայլն ավելի ծանր տեխնիկա է, որը կարող է ավելի ծանր հարված հասցնել հակառակորդին և նրա համար մնալ անխոցելի։
Ռուսական նոր զրահատեխնիկայի, ընդ որում՝ ոչ միայն հրասայլերի, այլև զրահափոխադրիչների վրա տեղադրվում են պայթուցիկների մեխանիզմով գործող դինամիկ պաշտպանության շերտեր և «Աֆգանիտ» անվամբ հակահրթիռային համակարգեր։
Ռուսաստանում արդեն ստեղծել են և մոտ ապագայում զինվորներին կտրամադրեն «Ռատնիկ» տեսակի ավելի թեթև, ամուր արդիական հանդերձանքը։
Իգոր Սուտյագինի համոզմամբ, Մոսկվան ջանք չի խնայում ՆԱՏՕ-ի սպառազենին տեխնիկական տվյալներով չզիջող և, հնարավորության դեպքում, գերազանցող սպառազեն ստեղծելու համար։
Your browser doesn’t support HTML5