71 տարի առաջ այս օրերին արնաքամ Եվրոպան վերջապես թեթևացած շունչ է քաշել, ավարտվել է մայրցամաքի պատմության ամենածանր պատերազմը, որը խլել էր մի քանի տասնյակ միլիոն մարդու կյանք և ավերել պետություններ, իսկ չարյաց խորհրդանիշ հրեշն էլ` մարդկության դատաստանից խուսափելու համար անձնասպան էր եղել իր բունկերում։
Բայց հենց այդ օրերին, երբ Բեռլինը ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթը, Չեխոսլովակիայի անտառներում ֆաշիստների առանձին ջոկատներ դեռ դիմադրություն են ցույց տվել։ Այդ մարտերից մեկում էլ ծանր վիրավորում է ստացել խորհրդային բանակի զինվոր, 19-ամյա քաջարանցի Արշավիր Դավթյանը։
Վիսոչինայի երկրամասի Սազավա գյուղի դպրոցն այն ժամանակ վերածվել էր զինվորական հոսպիտալի։ Պատանուն այնտեղ փորձել են բուժել, բայց, հավանաբար, վիրավորումը անհամատեղելի էր կյանքի հետ, կամ գուցե չկային անհրաժեշտ միջոցներ, մի քանի շաբաթ անց Արշավիրը վախճանվել է։
Նրան և տասնյակ ուրիշ կարմիրբանակայինների աճյունները հողին են հանձնել Սազավայի եղբայրական գերեզմանոցում։ Ազատագրված Չեխոսլովակիայից հեռավոր խորհրդային Հայաստան է ուղարկվել մահվան բոթի ստանդարտ ու դաժան տեքստը` «Սոցիալիստական հայրենիքի համար մղած մարտում, հավատարիմ զինվորական երդմանը, ցուցաբերելով հերոսություն և արիություն... սպանվել է», ապա նշվել է օրը և թաղման վայրը։
19-ամյա Արշավիրը դարձել է մեկը հարյուր հազարավոր հայ զինվորներից, ովքեր իրենց կյանքն են դրել հաղթանակի զոհասեղանին, մեկը հարյուր հազարավոր հայերից, ովքեր 20-րդ դարի դաժան մսաղացում իրենց մահկանացուն կնքել են օտար հողում, հայրենիքից հեռու։
Բայց այդքանով քաջարանցի պատանու պատմությունը չի ավարտվել։ Տարիներ շարունակ ազգականները թակել են զինկոմիսարիատների և նախարարությունների դռները՝ ճշտելու թաղման ստույգ տեղը։
Անցած դարի 70-ականներին քաջարանցիները այցելել են Սազավա, որտեղ հոսպիտալը նորից դարձել էր դպրոց։ Չեխերը հայ հյուրերին ուղեկցել են եղբայրական գերեզմանի մոտ։ Հայաստան վերադառնալուց հետո քաջարանցիները հրավիրել են դպրոցի տնօրեն Յարոսլավ Դրդլային, ով հետագայում արդեն իր նախաձեռնությամբ Արշավիր Դավթյանին վերահուղարկավորել է դպրոցի հարևանությամբ գտնվող՝ Առաջին աշխարհամարտում զոհված սազավացիների եղբայրական գերեզմանի մոտ։
Արդեն հետխորհրդային ժամանակաշրջանում առաջինը Վիսոչինայի հայերից Արշավիրի շիրիմի մասին տեղեկացել է Մհեր Իսաջանյանը, ով պատմել է չեխահայերին քաջարանցի զինվորի մասին։ 2005 թվականին «Ուրարտու» հայ-չեխական միության ղեկավար Ալեքսանդր Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հիշատակի արարողություն։
Եվրոպայում մայիսի 8-ն է աշխարհամասը ֆաշիզմի սատանայական արհավիրքից ազատագրելու օրը։ 2016-ի մայիսի 8-ին Պրահայի և Վիսոչինայի հայության պատվիրակները, Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ, ծաղկեպսակներով, Հայաստանի, Արցախի և Չեխիայի դրոշներով այցելեցին Արշավիրի շիրիմին։
Հայերը հանդիպեցին նաև արդեն ծեր, վատառողջ Յարոսլավ Դրդլային` դպրոցի նախկին տնօրենին, ով տասնամյակներ շարունակ խնամքով հետևել է շիրիմին։ Այն միշտ մաքուր է, ծաղիկների մեջ։
«Հայերս եկան», - բացականչեց անկողնին գամված չեխ պապիկը, լսելով օտար լեզուն։ Նրա մահճակալի վերևում կաթոլիկ պապերի նկարներն են և հայկական եկեղեցու պատկերով քանդակադրոշմ։ Յարոսլավ պապիկը խոստովանեց, որ սպասում էր հայերի այցին։
Չեխիայի հայերը որոշել են ամեն տարի մայիսի 8-ին այցելել Սազավա, փոքրիկ այդ գյուղը, որտեղ հանգչում է մեր ազգի մի հատիկի աճյունը։