Համատիրության գումարը չվճարելու համար ԴԱՀԿ-ը կալանք է դրել կենսաթոշակի վրա

Մոր իրավունքները պաշտպանելու համար Քրիստինան նամակ է ուղղել Մարդու իրավունքների պաշտպանին, դիմել է նաև դատախազություն:

«Համենայնդեպս` ինչ-որ մարտական տրամադրվածություն է, ես կարծում եմ, որ մինչև վերջ գնալու ենք», - ասում է նա:

Կենտրոն համատիրությունում չեն ընդունում այս մեղադրանքները՝ բացատրելով, թե կառույցը կապ չունի ԴԱՀԿ ծառայության՝ կենսաթոշակի վրա կալանք դնելու որոշման հետ, իրենց պահանջը կոնկրետ բնակչից՝ պարտքի մարումն է եղել:

Կենտրոն համատիրության կառավարչի տեղակալ Լիլիթ Պետրոսյանի խոսքով՝ Կենտրոնի բնակիչների 60-70 տոկոսն է հիմնականում վճարում համատիրության գումարը, սակայն սա չի նշանակում, որ մնացած 30-40 տոկոսին դատի են տալիս. անապահով ընտանիքներին շատ հաճախ ընդառաջում են: Հարցին, թե ինչո՞ւ այդ բացառությունը չի գործել Աբրահամյանների ընտանիքի դեպքում, որտեղ կա մեկ թոշակառու կին, գործազուրկ մայր և երկու անչափահաս երեխա, Պետրոսյանը պատասխանեց, թե տվյալներ չունեն, որ ընտանիքը սոցիալապես անապահով է:

«Սոցիալապես չի համարվում, որովհետև դատարան մտնելուց առաջ գանձող տեսուչները իրենց տուն մտնում, դուրս են գալիս, գիտեն՝ սոցիալապես անապահով է, թե՝ չէ։ Այսինքն՝ ցուցակը իրենք են տալիս դատարան», - նշեց նա։

Այսպիսի մեկ այլ պատմության հանդիպեցինք Էրեբունի համայնքում․ համատիրության աշխատակցի աչքից թերևս այս դեպքում էլ վրիպել էր, որ տարեց կինը միայնակ թոշակառու է: Գործը դեռ դատարան չի հասել, սակայն նա արդեն իսկ մոտ 100,000 դրամ տուգանքի մասին ծանուցագիր է ստացել: Տարեց կինը պնդում էր՝ պարտաճանաչ կերպով վճարել է համատիրության վարձավճարները, մինչդեռ համատիրությունում անգամ չեն բարեհաճել թերացումների մասին որևէ ապացույց ներկայացնել:

«Ու ինձ էլ ահաբեկում է, որ կտա դատի։ Մենակ ինձ չէ՝ բոլորին։ Չի գրում՝ երբվա պարտք է, ինչի համար է կամ իրենց արած աշխատանքն ինչ է», - դժգոհեց նա։

Տարեց կնոջն է՛լ ավելի վրդովեցնում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ դիմում է համատիրության կոյուղու խողովակները վերանորոգելու համար, կեղտաջրերը պարզապես տուն են լցվում, սակայն՝ ապարդյուն: Ստիպված է եղել սեփական միջոցներով ժամանակավոր լուծում տալ խնդրին:

«Կոյուղագծերը փոխեր՝ ես քիչ-քիչ էս պարտքը կվճարեի։ Չէի ուտի հաց ու կարագ, կուտեի հաց ու ջուր՝ և էս պարտքը կվճարեի, եթե գիտենայի, որ գործ են արել», - ասում էր նա։