Պուտինը Ճապոնիայի վարչապետի հետ կքննարկի Կուրիլյան կղզիների խնդիրը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբե, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ` քննարկելու երկկողմ հարաբերությունները և Կուրիլյան կղզիների շուրջ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճը:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ հավանական է համարել «լուրջ առաջընթացը» Կուրիլյան կղզիների հարցում, սակայն հույս է հայտնել, որ հանդիպումը կնպաստի կողմերի միջև կառուցողական միջավայրի հաստատմանը:

Ճապոնական լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հորդորել է Աբեին չեղյալ հայտարարել իր այցը Ռուսաստան, հաշվի առնելով Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները, սակայն Աբեն նշել է, որ եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել են հարաբերություններ պահել Ռուսաստանի հետ, և ինքը չի պատրաստվում այլ կերպ վարվել:

Իր հերթին, Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Ճապոնիայի վարչապետի հաստատակամությունը Ռուսաստան այցելելու հարցում` «չնայած գործընկերների և հատկապես Միացյալ Նահանգների գործադրած ճնշումներին»: