Ամերիկյան փորձագետներ․ ԼՂ հակամարտությունը 2015-ին ակտիվ էր, բանակցությունները՝ անարդյունավետ

Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, նոյեմբեր, 2015թ․

Զեկույցում երկու մտահոգիչ միտում է նշվում՝ կողմերը ավելի են ապավինում ծանր սպառազինությանը, ավելացել են միջադեպերը սահմանագծում:

Ամերիկյան Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը 2015 թվականի զեկույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ այն բնորոշում է ակտիվ, իսկ բանակցությունները՝ հիմնականում անարդյունավետ, բռնությունների սրացման և «երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանության» ֆոնին:

Հակամարտության գոտում անվտանգության իրավիճակը հստակորեն ցույց է տվել վատթարացման նշաններ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումներում կամ գործակցության հարցերում փոփոխությունը փոքր է եղել, արձանագրում են փորձագետները: Երկու երկրները սկսել են միմյանց մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, նշում են զեկույցի հեղինակները, հավելելով, թե դա դժվարություններ է ստեղծում դրսի ուսումնասիրողների համար՝ հետազոտելու բռնարարքների ծավալները և դրանց ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը նշում է, որ 2015-ին երկու մտահոգիչ միտում է արձանագրվել՝ կողմերը ավելի ու ավելի են ապավինում ծանր սպառազինություններին, ինչպես նաև ավելացել են սահմանային գոտում «չվիճարկելի վայրերում» տեղի ունեցող միջադեպերը:

Զեկույցը համառոտ անդրադարձել է 2015-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված բախումներին, զոհերի թվի մասին կողմերի հայտնած տվյալներին և փոխադարձ մեղադրանքներին:

Զեկույցը ըստ տարածաշրջանների անդրադառնում է 2015-ին աշխարհի բոլոր զինված հակամարտություններին և դրանց հետևանքներին:

Անցյալ տարվա ընթացքում հակամարտությունների արդյունքում ամբողջ աշխարհում 167 հազար մարդ է սպանվել, մարդկային բոլոր կորուստների մեկ երրորդը արձանագրվել է Սիրիայում, որտեղ 2015-ին զոհվածների թիվը կազմել է 55 հազար մարդ:

Զեկույցը արձանագրում է Աֆղանստանում հակամարտության զոհերի թվի կտրուկ աճ․ այստեղ անցյալ տարի զոհվել է 15 հազար մարդ, այն դեպքում, երբ, օրինակ, 2013 թվականին զոհերի թիվը 3․5 հազար էր:

Զեկույցում նաև արձանագրված է, որ անցած տարի ավելացել է փախստականների և ներքին տեղահանվածների թիվը: Նրանց քանակը 2013-ին կազմել է 33 միլիոն մարդ, 2014-ին՝ 43 միլիոն, իսկ 2015-ի կեսերի տվյալներով արդեն հաշվվում էր 46 միլիոն փախստական և ներքին տեղահանված: