Եվրոպայի խորհրդի փոխնախարարների կոմիտեն երեկ ընդունել է որոշում՝ Վրաստանի վերաբերյալ:
Ըստ որոշման, ինչպես փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, կոմիտեն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Մայիսի 4-ին ընդունված փաստաթղթում ընդգծվում է Ռուսաստանի պատասխանատվությունը՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքներում», - ասված է Վրաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշվում է. - «Ունենալով փաստացի վերահսկողություն այդ տարածքների նկատմամբ՝ Ռուսաստանը պարտավոր է այդ տարածքներում երաշխավորել վրացերեն լեզվով մարդկանց կրթության իրավունքը, ապահովել տեղահանվածների ու փախստականների արժանապատիվ վերադարձը և պաշտպանել նրանց սեփականության իրավունքը, չոտնահարել նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, կանխել անձանց ապօրինի ձերբակալությունները, պաշտպանել այդ տարածքներում բնակվող անձանց խտրական վերաբերմունքից, հետաքննել մարդու իրավունքների խախտումների դեպքերը»:
Փոխնախարարների կոմիտեն նաև նշել է, որ Ռուսաստանը, չնայած իրեն հասցեագրված բազմաթիվ ուղերձներին, շարունակում է պահել արհեստական պատնեշը «վարչական սահմանին»:
Կոմիտեի անդամները միևնույն ժամանակ ողջունել են Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար անվճար բուժօգնություն ապահովելու՝ Վրաստանի կառավարության նախաձեռնությունը։
Կոմիտեի որոշման մեջ ներառված է նաև Ռուսաստանին հասցեագրված հորդոր՝ ապահովել Եվրոպայի խորհրդի գործող կառույցների ներկայացուցիչների մուտքը Վրաստանի այդ տարածքներ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, փաստաթուղթը վկայում է, որ մեծացել է Եվրոպայի խորհրդի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ: