Մահացած երեխաների ծնողները պահանջում են բժշկին պատժել օրենքի ողջ խստությամբ

Անահիտ Պետրոսյանը դատարանի դահլիճում:

Անցած տարի Արմավիրի բժշկական կենտրոն ընդունված 4-ամյա Կարինեի ու 5-ամյա Էրիկի ծնողներն իրենց երեխաների մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Անահիտ Պետրոսյանին:

Բժշկին անփութության ու անտարբերության մեջ մեղադրող ծնողները գործը հասցրել են դատարան և պահանջում են Անահիտ Պետրոսյանին պատժել օրենքի ողջ խստությամբ:

4-ամյա Կարինե Հովհաննիսյանի տատն այսօր նախքան դատը սկսվելը պատմեց, որ նախորդ օրը հավի բուդ ու պաղպաղակ կերած իր թոռնուհուն հաջորդ օրը հիվանդանոց են տարել, որովհետև ինքնազգացողությունը վատացել էր: Ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանիշներով հոսպիտալացված փոքրիկի տատը չի հավատում, որ իր թոռան մահվան պատճառը ինֆեկցիոն տոքսիկ շոկն է եղել: Նրա կարծիքով, եթե բժիշկը չհապաղեր ու ժամանակին առաջին ճիշտ օգնություն ցուցաբերել, իր ոտքով հիվանդանոց մտած թոռը մի քանի ժամ հետո չէր մահանա:

Նույն օրը նույն բժշկի հսկողության տակ գտնվող 5-ամյա Էրիկը տեղափոխվել է Երևան, ծնողի պնդմամբ՝ արդեն մահացած: Մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, բացառում է, որ երեխայի մահվան պատճառը աղիքային սուր ինֆեկցիան է եղել: Ասում է, որ նույն բժիշկը անտարբեր ու անփույթ է վարվել նաև իր որդու հետ․ հետ է ուղարկել Երևանից եկող ռեանիմոբիլն ու պնդել, թե գալն անիմաստ է, քանի որ երեխան մահացած է, և միայն ամուսնու խնդրանքից հետո է ռեանիմոբիլը հետ շրջվել ու երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ էլ օրեր անց մահացել է:

Մինչև դատը սկսվելը, Անահիտ Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հերքեց 4-ամյա Անահիտի տատի հայտարարությունը, թե ինքը գումար է վերցրել հարազատներից:

Բժիշկը, ում լիազորությունները դադարեցված են, պնդեց, թե ինքն արել է ամեն ինչ, և վստահ է, որ դատարանը կապացուցի իր անմեղությունը․ - «Առաջին երեխայի մոտ տոքսիկ շոկ էր, որը անդարձելի պրոցես է: Երկրորդ երեխան էլ մահացել է «Սուրբ Աստվածամայր» կլինիկայում 17 օր հետո»:

Շուրջ 5-ժամյա դատական նիստի ընթացքում, տուժող կողմի ներկայացուցիչները մի քանի անգամ պահանջեցին, որպեսզի բժիշկ Պետրոսյանը հեգնանքով չպատասխանի իրենց հարցերին:

Որպես վկա դատարան հրավիրված ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը դիտողություն արեց Պետրոսյանին, երբ տեղեկացավ, որ բժշկուհին ավելորդ է համարել ցավակցել մահացած երեխաների հարազատներին, հետո հորդորեց խոսել առանց հոխորտալու․ - «Չեմ ասում սխալվել եք, Անահիտ: Այդ մարդիկ երեխա են կորցրել, դա դաժան կորուստ է․․․ Դու բժիշկ ես, դու պետք է քեզ էլ տիրապետես, դահլիճում էլ չլարես գործը»:

Երկու երեխաների մահվան գործերով մասնագիտական հանձնաժողովը բժշկի գործողություններում էական բացթողումներ ու սխալներ էր գտել: Սակայն Արա Ասոյանը, պատասխանելով տուժող կողմի ներկայացուցիչների ու դատավորի հարցերին, պնդեց, թե իրեն տրված հարցերից ու բժշկի հնչեցրած պատասխաններից հետո չի կարող պնդել, որ բժիշկը սխալվել է: