Դավութօղլուն խոսում է Մոսկվայի հետ «նախկին կապերի վերականգնման» օգտին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

ԵՄ-ի ևս 5 նախապայմանների կատարման դեպքում, արդեն հուլիսից, Թուրքիայի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Դավութօղլուն նշել է՝ Ռուսաստանն ու Թուրքիան պատմական հարևաններ են և այսօր էլ ներկայանում են որպես երկու կարևոր երկրներ։ Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան անհրաժեշտ է Ռուսաստանին այնպես, ինչպես Ռուսաստանը Թուրքիային։ «Ինքնաթիռի պատահարը Ռուսաստանի դեմ ուղղված չէր, ինքնաթիռը խախտել էր մեր օդային սահմանը»,- կրկնել է Թուրքիայի վարչապետը՝ ընդգծելով, որ իր երկիրն իրավունք ունի պաշտպանելու սեփական ցամաքային և օդային սահմանները։

«Հուսով ենք, որ նրանք գիտակցում են դա։ Մենք հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ կապերի ընդլայնման օգտին, ինչպես նախկինում էր։ Ուզում ենք նախկինի համեմատ ավելի խորացնել մեր համագործակցությունը»,- հայտարարել է Դավութօղլուն։ Նա անդրադարձել է նաև Թուրքիայի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման օրակարգային հարցին։

Պատասխանելով պաշտոնական Անկարայի հասցեին հնչեցված այն քննադատությանը, թե Թուրքիան Եվրամիության հետ հարաբերություններում սիրիացի փախստականներին որպես խաղաքարտ է օգտագործում, Դավութօղլուն ասել է՝ «Սիրիացիները մեր եղբայրներն են։ Անկախ Եվրոպայի դիրքորոշումից, մենք շարունակելու ենք նրանց օգնել։ Մեր դռներն ու սրտերը բաց են նրանց առջև։ Եվրոպացիները լավ գիտեն, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում։ Հետևաբար, փախստականներին որպես խաղաքարտ չենք օգտագործում։ Սակայն, եթե փախստականները, անցնելով Եվրոպա, այնտեղ ճգնաժամի պատճառ են դառնում, ապա Եվրոպայի հետ պետք է նստել և քննարկել այս խնդիրը»։

Եվրահանձնաժողովն այսօր Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցի վերաբերյալ որոշում է կայացրել։ Հրապարակված երրորդ զեկույցում հանձնաժողովը նշում է, որ Թուրքիան կատարել է առաջադրված 72 նախապայմաններից 67-ը։ Եվրահանձնաժողովը նաև նշում է՝ մնացած 5 նախապայմանների կատարման պարագայում, արդեն առաջիկա հուլիսից Թուրքիայի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ։