Ստամբուլի Grand Bazaar-ի ոսկերիչները փորձում են ռուսական շուկա դուրս գալ Հայաստանով

Թուրքիա - Grand Bazaar-ը Ստամբուլում, արխիվ

Ըստ Haberturk-ի, ոսկերիչները Հայաստանը նախընտրում են աշխատուժի ցածր վարձատրության, ոսկերչական գործում բարձր վարպետության և Ռուսաստանի հետ հեշտ առևտրի համար։

Ստամբուլի հայտնի Grand Bazaar-ի ոսկերիչները, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեն, ըստ թուրքական Haberturk հեռուստաալիքի, ռուսական շուկա դուրս գալու ճանապարհներ են գտել Հայաստանի միջով՝ իրենց գործը տեղափոխելով Հայաստան։

Չնայած Ռուսաստանի կողմից հատուկ պատժամիջոցներ չկան ոսկերչական ապրանքների վրա, այնուամենայնիվ, թուրք ոսկերիչները իրենց ապրանքները Ռուսաստան արտահանելու խնդիրներ ունեն՝ բարձր մաքսատուրքի և ռուսական մաքսակետերում առաջացող մի շարք խոչընդոտների պատճառով, և, ըստ հրապարակման, պատմական Grand Bazaar-ի և Kuyumcuken-ի առաջատար ոսկերիչները, ինչպես նաև ոսկերչական նոր արհեստանոցները սկսել են իրենց գործը տեղափոխել Հայաստան։ Grand Bazaar-ի ոսկերչական արհեստանոցների 5-6 տոկոսն արդեն տեղափոխվել է Հայաստան։

«Ոսկերիչները, որոնց մեծ մասը հայկական ծագում ունի, Հայաստանը հիմնականում նախընտրում են աշխատուժի ցածր վարձատրության, ոսկերչական գործում բարձր վարպետության և Ռուսաստանի հետ հեշտ առևտրի համար», - նշում է թուրքական պարբերականը՝ հավելելով, որ 2015 թվականի հունվարից ստեղծված Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ) առևտրային կապերն ավելի է դյուրացրել։

ԵՏՄ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

Haberturk-ը նաև նշում է, որ զբոսաշրջիկների քանակի նվազման պատճառով Grand Bazaar-ի շատ խանութներ ֆինանսական դժվարություններ ունեն, իսկ Kuyumcuken-ում ավելացել են սիրիացի ոսկերիչները, որոնց ապրանքների հիմնական շուկան Դուբայն է։