ԱԶԿ-ի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների միջև ձեռնամարտից հետո իշխող ուժի պատգամավոր Մեհմեթ Մեթիները Գարո Փայլանին է մեղադրել կռիվը հրահրելու մեջ։
Թուրքական «Բիանեթ» գործակալությանը տված հարցազրույցում Փայլանը, մասնավորապես, ասել է. - «Մի շարք պատգամավորներ ծրագրված կերպով վրաս հարձակվեցին։ Իսկույն նրանց թիրախում հայտնվեցի և 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի հարված ստացա։ Հետո էլ իմ հասցեին խտրական արտահայտություններ հնչեցրեցին»։
Փայլանը ընդգծել է, որ նման վերաբերմունքի է արժանացել հատկապես հայ լինելու համար, քանի որ իրեն հասցեագրված վիրավորանքները ազգային ինքնությանն էին վերաբերում․ - «Չեն կարողանում մարսել, որ հայկական ինքնությամբ մեկը իրենց ստերն է ջրի երես հանում և անսասան է մնում։ Նրանք ուզում են իրենց դիմաց ենթարկվող հայի տեսնել։ Ինձ թիրախավորել և հաշվեհարդար էին տեսնում որպես իրավական պայքար տանող հայ»:
Թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում պարբերաբար կրկնվող կռիվների և լարվածության պատճառը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագիծն է։
Ամիսներ տևած բուռն քննարկումներից հետո երեկ հանձնաժողովում ընդունվել է օրենսդրական փոփոխության առաջարկը՝ առանց քրդամետ ԺԴԿ-ի մասնակցության․ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կուսակցության պատգամավորները լքել են օրինագծի քննարկման դահլիճը՝ այսպիսով բոյկոտելով այն։
Քվեարկությունը անցկացվել է խորհրդարանում ներկայացված մյուս երեք կուսակցությունների պատգամավորների մասնակցությամբ։
Սահմանադրական հանձնաժողովի ընդունած օրինագծի առաջարկը խորհրդարանում քննարկման կդրվի մայիսի 16-ին։