Երեքշաբթի օրը Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:
Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նա փոխանցեց, որ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այդ հանդիպումներին Արարքցյանը մասնակցել է:
Բակո Սահակյանի հետ առանձնազրույցից հետո «Ազատության» հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկել, Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց․ - «Գիտեք այսօրվա մեզ հուզող բոլոր հարցերը, բնականաբար՝ էդ հարցերի շուրջ էին խոսակցությունները: Գիտեք նաև և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը: Էնպես որ, ես կարծում եմ՝ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ Սահակյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպմանը «տարբեր խնդիրներ են քննարկվել, իհարկե, առանձնակի շեշտադրում է եղել վերջին այս զարգացումներին, հատկապես՝ ապրիլի 2-5-ը պատերազմի ընթացքին և դրա հետևանքներին»:
«Նախագահ Սահակյանը կարևորել է մեր համախմբվածությունը, ընդգծելով, որ հենց հայրենիքի համախմբվածությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է մեր բոլոր հաղթանակների հիմքը», - ասաց Բաբայանը:
Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հանդիպմամբ Հայաստանի առաջին նախագահն ավարտեց իր՝ նախօրեին մեկնարկած այցը Ստեփանակերտ և վերադարձավ Երևան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 9-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: