Արտակ Գևորգյանի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Սաֆարյանը պնդում է, թե այս քայլով իշխանությունն ուղերձ է ուղարկում մյուս ակտիվիստներին, որ վարչական վարույթներից բացի այսուհետ նաև քրեական գործեր կարող են հարուցվել․ - «Մարդիկ արդեն կմտածեն որևէ քայլի դիմելուց առաջ՝ բողոքե՞ն իշխանությունների դեմ այս կամ այն ձևով, թե՞ չէ, որովհետև արդեն ոչ թե վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգ կա, լուրջ սպառնալիք, այլ նաև քրեական պատասխանատվության»:
Արվեստի միջոցով բողոքն արտահայտող «Հակահարված» խմբի երիտասարդ անդամն անցած տարվա ամռանը ստվարաթղթից տանկ էր պատրաստել ու դրանով Սահմանադրական դատարանից շենքից հասել մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ոստիկանության շենքեր:
Երիտասարդը քչախոս է․ միայն ասաց, թե որոշեց տանկը ԱԱԾ-ի դարպասներին կոտրել, որովհետև այն իր առաքելությունն արդեն սպառել էր, իսկ ԱԱԾ-ի շենքն այդ պահին իրեն ամենամոտ գտնվողն էր:
Նա զարմանում է, թե ինչու տանկը դարպասներին բախելուց հետո անմիջապես շենքից որևէ մեկը դուրս չի եկել, իսկ իրեն զինված ու դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել կատարվածից երկու օր անց միայն:
«Եթե իմ դեմ այդ քրեական գործը հարուցվել է և դատարանում գնալու է, այն հերթապահության աշխատողներին քրեական պատասխանատվության ենթարկելո՞ւ են, թե՞ չէ: Մի ժամից ավելի այդ տանկը այնտեղ է եղել», - պատմեց երիտասարդը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը համարում է քաղաքական հետապնդում:
24-ամյա ակտիվիստը ստվարաթղթե տանկով հարվածելով ԱԱԾ-ի դարպասներին «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը խաթարել և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում է առաջացրել»․ մեղադրական եզրակացության այս հատվածի կապակցությամբ փաստաբան Սաֆարյանն ասաց․ - «Եթե ԱԱԾ-ի աշխատակիցները էն գույքի, որ իրանք պահպանում են, ամեն չնչին առիթից պետք է վախենան ու հետո անձանց մեղադրանք առաջադրեն, ուրեմն իրենք չպիտի աշխատեն»:
Փաստաբանի կարծիքով, ԱԱԾ-ն պետք է ուշադրություն չդարձներ տեղի ունեցածին, համարելով դա ակցիա արվեստի միջոցով:
Նրա համոզմամբ, դատարանը չպետք է վարույթ ընդունի այս գործը․ - «Դպրոցական տարիների ժամանակ բոլորս թղթից ինքնաթիռներ ենք սարքել: Ինչպե՞ս կվարվի հիմա ԱԱԾ-ն, եթե ես կամ մի երեխա գնա այդ թղթի ինքնաթիռով հարվածի ԱԱԾ-ի դարպասին: Ուղղակի պետք էր ունենալ կատակի զգացմունք, որ շատ թեթև վերաբերվեին դրան»:
Տարբեր ակցիաների մասնակցած Արտակ Գևորգյանի դեմ մի քանի վարչական վարույթներ կան հարուցված, դրանցից մեկը կարճվել է, մյուսով փաստաբանն արդեն գանգատ է ներկայացրել Եվրադատարան:
Առաջին օրից այս գործին հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ի սկզբանե համոզված էր, որ այս գործը դատարան է հասնելու․ - «Քաղաքացիական ակտիվիստներին պատժելու, բանտում փակելու, հետապնդումներ իրականացնելու իշխանության մտադրությունները շատ լուրջ են: Մենք տեսնում ենք, որ այս պատերազմի օրերին Գևորգ Սաֆարյանը մնաց փակված բանտում, մյուսները մնացին բանտում: Ես արձանագրում եմ, որ սա իշխանության համար առավել առաջնահերթ հարց է՝ զսպել քաղաքացիական ակտիվիստներին»: