Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած մայիսի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների», - ասված է հաղորդագրությունում:
Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:
«Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ», - ասված է հաղորդագրությունում: