Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհին տեղի ունեցած վթարից վեց մարդ է զոհվել

Պետավտոտեսչության ավտոմեքենա, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, ժամը 22։42 տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Kia Sonata մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 2014 թվականին ծնված Հ.Գ.-ն՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղի ուժերով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կիլոմետրին բախվել են Mercedes C220 մակնիշի 15 LO 370 պետհամարանիշով և Kia Sonata մակնիշի 198 LO 61 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes C220 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1991 թվականին ծնված Ա. Ն.-ն, ուղևորներ Մ. Խ.-ն՝ ծնված 1984 թվականին, Հ. Մ.-ն՝ ծնված 1986 թվականին, և Kia Sonata մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1984 թվականին ծնված Ս. Գ.-ն և ուղևոր Մ. Ա.-ն՝ ծնված 1987 թվականին, զոհվել են», - ասված է հաղորդագրությունում:

Փրկարարները Kia Sonata մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ.-ին, Մ. Ա.-ին և Ն. Գ.-ին՝ ծնված 2015 թվականին: Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Kia Sonata մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ վեց անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դիակների հագին եղած հագուստները, ոստիկանության բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու և ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: