Մայիսին արվեստասերներն առավել ակտիվորեն հնարավորություն կունենան ներգրավվել մի շարք ուշագրավ մշակութային ձեռնարկներում. նորանոր ցուցահանդեսներ են նախապատրաստվում թե՛ Նկարչի տանը, թե՛ Ազգային պատկերասրահի, թե՛ մայրաքաղաքի այլ ցուցասրահներում։
Թատերական երկու փառատոնները՝ «Արմմոնո»-ն և «Թատրոն X»-ն այս շաբաթ կավարտվեն, իսկ երգչախմբային արվեստի երկրպագուները, որոնք անցյալ շաբաթ հնարավորություն ունեին ունկնդրել Էստոնական հանրահայտ արական ազգային երգչախմբին, մայիսի 4-ին կկարողանան ներկա գտնվել մեկ այլ շատ ուշագրավ երգչախմբային համերգի, որը տեղի կունենա Կոմիտասի տուն-թանգարանում։ Այնտեղ հանդես կգա «Սպեղանի» երգչախումբը՝ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ։ Համերգը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյա և երգչախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին։ Ծրագրում Երվանդ Երկանյանի խմբերգերն ու Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված Ջեննի Ասատրյանի խմբերգերն են։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մայիսի 2-ին կցուցադրվի «Նորմա» օպերան՝ Բորիս Հայրապետյանի բեմադրությամբ և իտալացի հանրահայտ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ։
Օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահագն Զաքարյանի փոխանցմամբ, օպերայում ներգրավված են թատրոնի առաջատար արտիստները։ «Ինչ վերաբերում է մայիսի 2-ի ներկայացմանը, ապա Նորմայի դերում հանդես կգա թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանը։ «Նորման» 15 տարի առաջ էր բեմադրվել Օպերային թատրոնում, և թատրոնի գեղարվեստական ղեկավար երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի մեծագույն ցանկությունն էր, որ «Նորման» դարձյալ ներկայացվի Հայաստանի օպերային թատրոնում, քանի որ այս ներկայացումը պատվաբեր է և այն ներկայացվում է աշխարհի բոլոր հեղինակավոր թատրոններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը։
Օպերային թատրոնի ղեկավարությունը վճռել է այս տարի իրականացնել այն ամենը, ինչ մտադրվել էր իրագործել Գեղամ Գրիգորյանը։ «Այն, ինչ ցանկանում էր Գեղամ Գրիգորյանը, երբ վերադարձավ և նորից ստանձնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի գործը, հենց առաջին իսկ ցանկություններից մեկն այն էր, որ «Նորման» նորից ներկայացվի Օպերային թատրոնի բեմում։ Պետք է ասեմ, որ այս տարվա ընթացքում դարձյալ Գեղամ Գրիգորյանի մի քանի այլ նախաձեռնություններ, որոնք ինքն արդեն սկսել էր, կյանքի կկոչվեն, մասնավորապես՝ տարվա ընթացքում կներկայացվեն «Տոսկա» օպերան և բալետային ու օպերային մանկական երկու ներկայացումներ», - ասաց Զաքարյանը։
Մայիսը, ինչպես նշեց Զաքարյանը, Օպերային թատրոնի համար խիստ հագեցած է լինելու, որովհետև խաղացանկն է այդպիսին, ասաց՝ «շատ խիտ է»։ «Խաղացանկային ներկայացումներով է հագեցած, բացի այդ, մայիս ամսվա ընթացքում նախատեսել ենք դարձյալ շարունակել ճանաչողական այցերը Օպերային թատրոնում դպրոցականների համար։ Մոտավորապես 500 դպրոցական հնարավորություն կունենա ծանոթանալու Օպերային թատրոնի գործունեությանը։ Այս ճանաչողական այցերի միջոցով մենք փորձում ենք և՛ Օպերային թատրոնին մոտեցնել դպրոցականներին, և՛ ընդհանրապես Օպերային թատրոնի, օպերային արվեստի հանրահռչակման գործին է նպաստում ու, ինչու չէ, նաև ապագա հանդիսատեսի ձևավորմանն է մեծապես նպաստում», - ասաց Զաքարյանը։
Նա նշեց, որ նախորդ տարի իրենք մոտ 2 հազար աշակերտ են ընդունել Օպերային թատրոնում։ «Առաջատար արտիստները, ռեժիսորները ծանոթացնում են թատրոնի գործունեությանը։ Աշակերտները հնարավորություն են ունենում ներկա գտնվելու փորձերին տարբեր տեղերում թատրոնի, որոնք որ հանդիսատեսին հասու չեն», - ասաց Օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։