Սիրիայի Հալեպ քաղաքում կարճատև դադարից հետո անցած գիշեր կատաղի բախումները վերսկսվել են: Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապստամբների կողմից մզկիթի ռմբակոծության հետևանքով 8 մարդ է զոհվել:
Երկրի փրկարար ծառայության աշխատակիցներն էլ հաղորդել են, որ օդային հարձակումների հետևանքով տուժել է Մարջա շրջանի հիվանդանոցը, որը գտնվում է ապստամբների վերահսկած տարածքում: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ականանետների թիրախ է դարձել նաև Հալեպում Ռուսաստանի հյուպատոսության շենքը: Գերատեսչությունը փոխանցում է, որ զոհեր և վիրավորներ չկան:
ՌԴ դիվանագետների տվյալներով՝ հյուպատոսարանի վրա կրակոցներն արձակել են «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները:
Սիրիացի զինվորականներն ավելի վաղ լռության ռեժիմ էին հայտարարել, որը պետք է կյանքի կոչվի շաբաթ օրը: Այն պետք է գործի 24 ժամ Դամասկոսում և 72 ժամ՝ Լաթաքիայում: