Իրաքի իշխանությունները փակել են «Ալ-Ջազիրա»-ի գրասենյակը

Իրաքի իշխանությունները փակել են «Ալ-Ջազիրա»-ի Բաղդադի գրասենյակը՝ Քաթարում տեղակայված հեռուստաընկերությանը մեղադրելով «բռնություն և աղանդավորություն» հրահրելու մեջ:

Իրաքի զանգվածային լրատվամիջոցների և կապի հարցերով հանձնաժողովը հեռուստացանցին հղած նամակում հայտնում է, որ մարտի 24-ին որոշում է կայացրել հետ կանչել արտոնագիրը և փակել գրասենյակը:

«Ալ-Ջազիրա»-ն տարածած հայտարարությամբ հերքել է բոլոր մեղադրանքները և վստահեցրել, որ իրենք չեն շրջանցում օբյեկտիվ լուսաբանման սկզբունքը:

Հեռուստաընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ Իրաքի իշխանությունների որոշումը հակասում է «ազատ խոսքի երաշխավորման պարտավորություններին»: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Իրաքի ժողովրդին՝ նրանց տեղեկացված լինելու իրավունքը ապահովելու հարցում»,- հայտարարել է լրատվամիջոցը:

«Ալ-Ջազիրա»-ն հաճախ է քննադատության ենթարկվում Իրաքի իշխանությունների կողմից: Պաշտոնական Բաղդադը պնդում է, որ հեռուստաընկերությունը համակրանքով է խոսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մասին և կոշտ վերաբերմունք դրսևորում երկրի շիա մեծամասնության նկատմամբ: Իրաքում շատերը համոզված են, որ Քաթարը, որը ֆինանսավորում է «Ալ-Ջազիրա»-ն, միտումնավոր հովանավորում է սունի խմբավորումներին, որպեսզի պայքարեն տարածաշրջանում Իրանի և շիաների ազդեցության դեմ: