Համերգային ծրագրերը տարբեր են․ կկատարվեն Չայկովսկու, Շոստակովիչի, Մոցարտի, Բոկերինիի, Հայդնի ստեղծագործությունները:
«Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի երկօրյա հյուրախաղերը կազմակերպել է Դասական երաժշտության աջակցության հասարակական կենտրոնը, որի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Վլադիմիր Սպիվակովը և իր ղեկավարած կամերային նվագախումբը մեր ամենասպասված հյուրերն են ծանր պահերին:
Այս անգամ Սպիվակովն իր հետ բերել է իր իսկ ստեղծած հիմնադրամի լավագույն կրթաթոշակառուներին, ովքեր որպես մենակատարներ հանդես կգան երկօրյա այս հյուրախաղերի ընթացքում:
«Սպիվակովի յուրաքանչյուր այցից հետ երաժշտական դպրոցներում ավելի շատ երեխաներ են սկսում երաժշտությամբ զբաղվել, և ես կարծում եմ, դա մեծ ազդեցություն ունի մեր ապագա սերունդների վրա: Շատ կարևոր է, որ մեր երիտասարդները տեսնեն, թե ինչի կարելի է հասնել աշխատասիրության և տաղանդի օգնությամբ», - հավելեց Տեր-Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս ապրիլյան այս օրերին Սպիվակովը կրկին Հայաստանում էր՝ իր ղեկավարած Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ, և նախաձեռնեց «Սպիվակովը հրավիրում է» դասական երաժշտության փառատոնը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: