Վարչապետը, Ֆինանսների և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարելով պատրաստել նախագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին, պարտադիր վճարման հետաձգումը կապեց նոր Հարկային օրենսգրքի հետ, որն ուժի մեջ կմտնի միայն 2018-ին․ - «Մենք Ազգային ժողով ենք ուղարկել Հարկային օրենսգիրքը, որը ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Մենք նախատեսում ենք Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը 2018 թվականին: Եվ ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին»:
Երկու տարի առաջ բողոքի հուժկու ալիքի պատճառ դարձած պարտադիր կենսաթոշակային համակարգը ի վերջո ուժի մեջ մտավ փոփոխված: Ըստ այդմ՝ աշխատավարձի 5 տոկոսի կուտակումն այժմ պարտադիր է միայն պետական համակարգի աշխատակիցների և աշխատաշուկա նոր մտնողների համար, իսկ 2017-ի հուլիսից պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր նաև մասնավոր հատվածի վրա, ինչը վարչապետի առաջարկով մեկ տարով կհետաձգվի։
Հարցին, թե արդյոք կրկին բողոքի ցույցերից խուսափելու համար է կառավարությունը հետաձգում պարտադիր կենսաթոշակային վճարի գանձումը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը արձագանքեց․ - «Հիմնավորումը շատ հստակ է: Քանի որ Հարկային օրենսգրքով վերանայումներ են կատարվելու և՛ դրույքաչափերի, և՛ առհասարակ հարկային բեռի առումով, ապա ճիշտ է, որ փոփոխությունները համահունչ լինեն: Քանի որ օրենսգիրքը 2018 թվականի հունվարի 1-ից է կիրառվելու, տրամաբանական է, որ կուտակային վճարը ավելի շուտ ուժի մեջ չմտնի»:
Պարտադիր կենսաթոշակային համակարգին ընդդիմացող «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին պարտադիր բաղադրիչի՝ ևս մեկ տարով հետաձգումը չի գոհացնում: Նրանք ասում են, որ շարունակելու են պահանջել հիմնովին փոփոխել օրենքը՝ հիշեցնելով, որ կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերություններն անցյալ տարի միլիոնավոր դրամների վնասներ են կրել:
«Խորապես համոզված եմ, որ կենսաթոշակային այս բարեփոխումները այն տեսքով, որ կիրառվում են Հայաստանում, կենսունակ չեն և նրանք չեն կարող բերել այն օգուտները, ինչ որ ենթադրվում էր, որ կբերեն: Այդ օրենքի լինելը, անկախ նրանից, թե երբ է մտնելու ուժի մեջ, չի գոհացնում», - ասաց շարժման ակտիվիստներից Մանե Թանդիլյանը:
Նրան չի համոզում իշխանությունների բացատրությունը, թե պարտադիր բաղադիչը հետաձգվում է Հարկային օրենսգրքի՝ 2018-ին ուժի մեջ մտնելու պատճառով։ Թանդիլյանը վստահ է, որ իշխանությունները չցանկացան ընտրական 2017-ին սոցիալական վճարը պարտադրել մասնավոր հատվածին՝ խուսափելով հնարավոր հուժկու բողոքի ալիքից։
«Հաշվի առնելով, որ նախընտրական տարի է, և սա շատ լուրջ թեմա է, և մասնավոր հատվածը, այն ընդդիմացող հատվածը, որը պետք է մտներ 2017 թվականից, բնականաբար ընդդիմադիր, ազատ ու անկաշկանդ ձայն ունի, սա շահեկան չէր լինելու իշխող կուսակցության համար։ Մենք նոր ստորագրահավաք էինք կազմակերպել այս համակարգը առհասարակ հանելու և նրա կենսունակ չլինելը ապացուցող նամակով դիմում էինք վարչապետին: Եվ պարզ է, որ աստիճանաբար այն նույն թափը կարող էր հավաքել, ինչ որ նախորդ շարժումն էր», - եզրափակեց Թանդիլյանը: