ՊՆ-ն դեռ չի արձագանքել IT ոլորտի ընկերությունների առաջարկներին

Արխիվ -- Հայկական անօդաչու թռչող սարքը Երևանի Հանրապետության հրապարակում ռազմական շքերթի ժամանակ,19-ը սեպտեմբերի, 2011թ․

Պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնանկությունը «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության ղեկավար Կարեն Վարդանյանը համարում է 4-օրյա պատերազմի արդյունք, ոչ թե IT ոլորտից հնչած դժգոհությունների հետևանք։

«4-օրյա պատերազմը բոլոր տեղերը, որտեղ փտած էր՝ այսպես ասեմ, ի հայտ բերեցին: Բնական է, որ երկրի ղեկավարը պետք է մտածի հաջորդ պատերազմին ինքը ինչպես է վարվելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Վարդանյանը:

Արյունալի բախումներից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները խիստ քննադատեցին Պաշտպանության նախարարությանը՝ հայկական IT ոլորտի ներուժը զինված ուժերում չօգտագործելու համար, իսկ սլաքներն ուղղվեցին դեպի նախկին փոխնախարար Միրզախանյանը, ով 2011 թվականից ղեկավարում էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի և Պաշտպանության նախարարության համագործակցության խորհուրդը։

«Այդ հանձնաժողովը իր 4 տարվա գործունեության մեջ տվեց պրակտիկորեն զրո արդյունք», - պատմում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միության ղեկավարը, - «Համագործակցության ընթացքում բացահայտվեցին մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են ընդհանրապես ինֆորմացիոն բարձր տեխնոլոգիաների ներդրումը բանակում, դա էր խնդիրը»:

Պաշտպանություն նախարարությունը չունի նոր տեխնոլոգիաներ ստեղծելու և ներդնելու քաղաքականություն, քննադատում է Վարդանյանը, ով այս խնդիրների առնչությամբ վերջին տարիներին բազմիցս նամակներ է գրել պաշտպանական գերատեսչությանը և Հայաստանի նախագահին։

«2011 թվականին, բոլոր վարչությունների հետ հանդիպելուց հետո, ամեն վարչության հետ ի հայտ ենք բերել առնվազն 4 խնդիր և այդ 4 խնդրով առաջարկություն ենք արել», - պատմում է նա:

Դեռևս մինչև զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների ազատումը՝ անցած կիրակի Սեյրան Օհանյանը ճեպազրույցում պնդեց՝ սկսած 94 թվականից ռազմական արդյունաբերությունը զարգացման միտում ունի, բայց նաև նկատեց՝ IT ոլորտից պատրաստի արտադրանք իրենց երբեք չեն առաջարկել։

«Երբևիցե չի եղել, որ այս կամ այն կազմակերպությունը ինքնուրույն տարբեր մշակումներ իրականացնի և արդեն պատրաստի միջոցը, արտադրանքը, որը կհամապատասխանի մեր տեխնիկական միջոցներին, այսօրվա ժամանակակից պահանջներին, որ մենք մերժենք: Սա է այն իրականությունը, որ մենք, այնուամենայնիվ, փորձում ենք համագործակցել», - մասնավորապես, ասաց Օհանյանը:

«Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության» ղեկավարը հակադարձում է՝ բանակը չի ֆինանսավորվում մասնավոր ռեսուրսներից ու դոնորներից և Կառավարությո՛ւնը պետք է նպաստի ռազմարդյունաբերության ստեղծմանը․ - «Պարոն Օհանյանը այդպես կարող է վերաբերվել միայն այլ երկրների ձեռնարկություններին, որոնք ունեն ռազմարդյունաբերություն: Իսկ իր պարտականությունը ռազմարդյունաբերություն ստեղծելն է: Այսինքն, ինքը պետք է այդ նույն IT ոլորտին օգնի, որպեսզի նրանք ունենան պատրաստի արտադրանք։ Դուք սառնարան արտադրող եք, որպեսզի դա դառնա ռազմական արտադրանք, պետք է լինի ձեր համագործակցություն բանակի հետ և բանակը դա պետք է ցանկանա: Մինչդեռ՝ իրենք իրենց աշխատանքը համարում են առևտրականի աշխատանք՝ տենդերը անցկացնողի աշխատանք»:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» բանակի՝ իրենց ոլորտին խնդիրները լուծելու համար մասնագիտական խմբեր է ստեղծել, որոնք աշխատելու են գաղտնագրված կապի միջոցներ, անօդաչու թռչող սարքերի վնասազերծման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, համատեղ աշխատելու առաջարկով դիմել են ՊՆ-ին, արձագանք դեռ չկա։

Այնուամենայնիվ, ապրիլյան արյունալի բախումներից հետո ոլորտի ներկայացուցիչները հույս ունեն, որ հիմա գոնե սայլը տեղից շարժվելու է։