Օհանյան․ աշխատում ենք զենքն արագորեն Հայաստան հասցնելու ուղղությամբ

Սեյրան Օհանյան, արխիվ

Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով, առաջվա պես գործընկերային են, «ոչինչ չի փոխվել»:

Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու համար Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

«Ազատություն» - Պարոն Օհանյան, հայտնի՞ են արդյոք Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով ձեռք բերված սպառազինությունը Հայաստան հասցնելու հստակ ժամկետները:

Սեյրան Օհանյան – Պայմանավորվածությունները ձեռք են բերված, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր:

«Ազատություն» - Ռուսաստանի ներկայացուցիչները՝ պաշտպանության նախարարը կամ այլ պաշտոնյաները չե՞ն փորձել կազմակերպել ձեր և Ադրբեջանի ձեր պաշտոնակցի հանդիպումը:

Սեյրան Օհանյան – Այդպիսի խոսակցություն չի եղել, որովհետև ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավաննդ վերջին երեք օրերին: 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է [հրադադարի պայմանավորվածությունը], մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստելու ուղղությամբ: Կոնֆերանսի միջանցքում, երբ ընդմիջում էր, ինձ մոտեցան նաև ադրբեջանցի լրագրողներ և հարցադրումներ արեցին՝ ինչու՞ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ, ես նրանց պատասխանեցի՝ ըդհակառակը՝ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանկցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձևավորման, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: Եվ այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանակն կողմը, որը կոպիտ խախտումներ է անում։

«Ազատություն» - Կարո՞ղ ենք ասել, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները մնացել են նույն մակարդակի վրա, և Ռուսաստանն այսօր էլ կարող է համարվել Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը:

Սեյրան Օհանյան – Այսօր չեմ կարող նշել որևէ փաստ, որով կմատնանշվեր, որ մեր հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձևով խախտված են ու չեն կատարվում: Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության և իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են:

«Ազատություն» - Հայաստանում սպասվու՞մ են նոր պաշտոնանկություններ պաշտպանության համակարգում:

Սեյրան Օհանյան – Հայաստանի Հանրապետությունում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, բարձր պաշտոնյաների նկատմամբ այդ քաղաքականությունն իրականացվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված, և այսօր այդպիսի նոր պլաններ մենք չունենք: Իրադրությունը, հաշվի առնելով նաև որոշակի խախտումները Ադրբեջանի կողմից, Պաշտպանության բանակի համապատասխան գործողությունների շնորհիվ կայունացված է, համարժեք միջոցառումներ ձեռնարկվում են, Պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, այսօր համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Պաշտպանության բանակին այդ ամենում աջակցելու համար: Գլոբալ առումով, մեր պայմանավորվածությունները՝ Հայաստանի անվտանգության ապահովման, մեր ռազմավարական գործընկերոջ հետ միասին, անփոփոխ են: