Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են հայկական հրետանու հարվածների մասին

Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար:

Ադրբեջանական բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն, շփման գծի Թարթառի հատվածը վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների հիմնական թատերաբեմն է: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արդեն երկրորդ օրն է, ինչ Թարթառում է:

Report.az կայքի տեղեկություններով, Հասանովը երեկ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ապա այցելել առաջնագիծ: Իրավիճակի լրջության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այսօր այցելել են շփման գծից ոչ հեռու գտնվող շարժական դաշտային հոսպիտալներից մեկը:

Ինչ վերաբերում է բուն ռազմական գործողություններին, ապա ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե հայկական զինված ուժերը հրետակոծում են Թարթառի շրջանի բնակավայրերը: Թարթառի շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովը ANS հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է՝ «Թշնամու հրետանային հարվածի հետևանքով վնասվել է շրջանում տեղակայված էլեկտրական ենթակայններից մեկը: Դրա հետևանքով Թարթառի շրջանի 11 գյուղեր հոսանքազրկվել են: Բայց այդ, հայկական ուժերը հրետակոծել են շրջանի Սեիդինլի, Ղափանլը, Ղազիյան, Սեյսուլան, Չիլյաբուրտ, Յարըմջա և Գյոյարխ գյուղերը` վնասելով մի շարք բնակելի տներ»:

Դատելով ադրբեջանական աղբյուրների տեղեկություններից, սա Թարթառի շրջանի հրետակոծության արդեն երկրորդ գիշերն է: ANS հեռուստաընկերության հիմնադիր Վահիդ Մուսատաֆաևը Youtube-ի իր ալիքում տեղադրել է Ղափանլը գյուղի ` ապրիլի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծության տեսագրությունը: Մուսատաֆաևի տարածած կադրերում հստակ երևում է, որ ադրբեջանցի գյուղացիները, այդ թվում՝ զորակոչային տարիքի տղամարդիկ, ստիպված են պատսպարվել նկուղներում:

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ Թարթառի շուրջ ծավալված մարտերում զոհեր չեն տվել: Այսօր կեսօրին այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլին: «Մեր կրած կորուստների մասին տեղեկությունները Հայաստանի հանցագործ ղեկավարության հիվանդ երևակայության արդյունքն են: Ադրբեջանական կողմը որևէ կորուստ չի կրել»,- նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Դրա հրապարակման առիթը Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի տարածած ձայնագրությունն էր, որում, հայկական կողմի պնդմամբ, շարքային ադրբեջանցիների հեռախոսազրույցներն են` ճակատում տիրող իրադրության մասին:

«Երեկոյան 30 զոհ, երեք անգամ էլ Մռավի լեռնանցքից մեր` Գյանջայի ուղղությամբ են կրակել», - նշում է գաղտնալսված ադրբեջանցիներից մեկը: Մյուսն էլ պնդում է, թե մարտական գործողությունների հիմնական ուղղություններից մեկը Գերանբոյի` նախկին Շահումյանի շրջանն է` «Գերանբոյի և Աղդամի ուղղությամբ կոնկրետ հարձակվում են: Գերանբոյի ուղղությամբ ավերում են»:

Արձագանքելով շփման գծում տիրող իրադրությանը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Անվտանգության խորհրդի նախագահ Լյու Ցզեյին և ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Պոլ Էբերհարդին` կոչ անելով միջազգային հանրությանը հստակ պահանջ ներկայացնել Հայաստանին` «հարգել միջազգային իրավունքի նորմերը»: Ադրբեջանի արտգործնախարարը նաև պահանջում է միջազգային հանրությունից «դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար»: