Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի (ՀՀԿ) խոսքով, պաշտոնանակությունները նշանակում են, որ այդ բարձրաստիճան զինվորականները թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ:
Նախագահի այսօրվա հրամանագրերով պաշտոնից ազատվել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամնետի պետ Ալիկ Միրզաբեկյանը և Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը:
Հրապարակված հրամանագրերում ներկայացված չէ պաշտոնանկությունների պատճառը: Պատերազմին հաջորդած օրերին ո՛չ նախագահ Սարգսյանը, ո՛չ էլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից որևէ մեկը չի դժգոհել բանակի գործողություններից: Ճիշտ հակառակը՝ բազմաթիվ էին հայտարարությունները, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հայկական զինված ուժերը հաջողությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները:
Նախագահի մամուլի ծառայությունից այսօր չհաջողվեց ճշտել պաշտոնանկությունների պատճառները: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» ասաց, որ չի մեկնաբանում հանրապետության նախագահի որոշումները:
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի (ՀՀԿ) խոսքով՝ պաշտոնանակությունները նշանակում են, որ այդ բարձրաստիճան զինվորականները թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ․ - «Հնարավոր են նաև նոր պաշտոնանկություններ․․․ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է քննարկել, պարզել՝ արդյո՞ք պաշտոնատար անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները պատշաճ կերպով: Եթե չի կատարել, հետևաբար կլինեն նաև համապատասխան ներգործության միջոցներ»:
Հատկանշական է, որ ռազմական հետախուզության ղեկավարը պաշտոնանկ արվեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարություններից հետո, թե ապրիլի սկզբին ադրբեջանական կողմի հարձակումն անակնկալ չէր: Թեև Bloomberg-ի հետ զրույցում նախագահ Սարգսյանը ընդգծեց՝ այդ առումով ստույգ տեղեկություններ չկային:
Իշխող ուժի ներկայացուցիչներն արդեն հրապարակավ խոսում են ազգային անվտանգության համակարգում առկա թերացումների, խնդիրների մասին:
«Ակնհայտ է, որ այս քառօրյա պատերազմը վերհանեց նաև նոր խնդիրներ, որոնց պետք է օպերատիվ արձագանքել: Նաև անհրաժեշտ է որոշակի ժամանակ, համապարփակ վերլուծել նաև դրդապատճառները, այն բացերը, թերությունները, որոնք կան մեր ազգային անվտանգության համակարգում: Այո, բացահայտվել են նոր խնդիրներ, և դրանց կապակցությամբ պետք են նաև նոր լուծումներ», - ասաց Նահապետյանը:
Նրա կարծիքով, այս պաշտոնանկությունները անակնկալ չէին: Հարցին, թե արդյոք միայն պաշտոնանկությունը բավարար է, Նահապետյանը պատասխանեց․ - «Բնականաբար ոչ: Ես կարծում եմ, որ մենք պետք է հետևություններ անենք բոլոր ուղղություններով: Այստեղ խոսքը չի վերաբերում միայն ռազմական ուղղությանը, այլ նաև և՛ խորհրդարանական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական․․․ բոլոր ուղղություններով մենք անելիքներ ունենք»:
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ պաշտոնանկությունները բավարար չեն․ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ - «Մի բան ակնհայտ է, որ շատ գլուխներ պետք է թռնեն: Եվ բնական է, որ նման գործընթաց սկսվել է»:
Ըստ Զուրաբյանի, խնդիրները պարփակված չեն միայն Պաշտպանության նախարարությունում․ - «Մեզ արմատապես պետք է փոխել մեր պետության բնույթը, որովհետև այն, ինչ որ մենք ունենք, մինչև հիմա էլ կա, դա քրեաօլիգարխիկ, կոռուպցիոն մի համակարգ է, որը ցույց տվեց իր անկարողությունը և ոչ-ադեկվատությունը արտաքին վտանգներին»:
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի խոսքով, պակաս կարևոր հարց չէ այն, թե ովքեր են նշանակվելու հեռացված պաշտոնյաների փոխարեն․ - «Ես հույս ունեմ, որ առնվազն կլինեն երիտասարդներ, որոնք դրսում ունեցել են սովորելու փորձ, գիտեն արդիական աշխարհի զարգացումները, և նոր մոտեցումներ կբերեն այդ ոլորտներում մեր խնդիրները լուծելու համար»: