Դիտարկված ժամանակահատվածում 2014-ին և 2015-ի առաջին կիսամյակում կենտրոնների ֆինանսավորումը կազմել է ավելի քան 500 մլն դրամ, որից պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 415 մլն դրամը:
«Տարիքով պապիկներ են, որ տեղաշարժվելու խնդիր ունեն, պարզվում է, որ միաժամանակ մի քանի տեղ դասախոսություն են կարդում, պարզվում ա, դասախոսությունը լսում են միևնույն մարդիկ, ցանկերում մեռած մարդիկ են գրված: Հետո էդ ամեն ինչը կատակի վերածել ու ասել՝ գիտեք, դե մեկը պատահաբար գրեց, մեկը անլուրջ էր ուրիշ ցանկ լրացրեց, չէր հասցրել գրել, նախորդ տարվա ցանկն էր վերցրել գրել․․․ մի քիչ լուրջ չի՝ եթե դրա հետևից կանգնած են բավական լուրջ գումարներ», - ասաց Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը։
Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Արմիկ Բակունցն ասում է, որ գյուղատնտեսական թեմաներով սեմինարներ իրենք իսկապես կազմակերպել են, իսկ արձանագրված դեպքերը եզակի են։
Ինչ վերաբերում է մահացած անձին՝ ապա վերջինիս զարմիկն է իր անվան փոխարեն նրա անունը գրել՝ փորձելով վրեժխնդիր լինել խորհրդատվություն անցկացնող անձից․ - «Գործողության մեղավորի զեկուցագիրը իմ սեղանին է: Դիմել է ինձ, որ ինքը մասնակցել է սեմինարին և քանի որ խնդիր է ունեցել ԳԱՄԿ-ի խորհրդատուի հետ նախկինից, չգիտեմ ինչ անձնական խնդիր, և տվյալ պահինը ինքը, մի փոքր խմած է եղել, էսպես է նշել, և փորձել է վրեժ լուծել խորհրդատուից ու միտումնավոր ձևով, իր աղավաղված ձեռագրով «դիտավորությամբ իմ ազգանվան փոխարեն գրել եմ հանգուցյալ քեռուս անունը և ստորագրել չմտածելով դրա հետևանքների մասին»»։
Զեկույցում նշվում է, որ աշխատանքային ծրագրերում ընտրվել են անհասկանալի, հաճախ ոչ տրամաբանական և կրկնվող թեմաներ: Խորհրդատուներից ոմանց մասնագիտական որակավորումը չի համապատասխանել գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով նախատեսված պահանջներին: Օրինակ, 5-րդ կուրսից հեռացված ուսանողը կամ մանկավարժի, ինժեների, դեղագործի, տնտեսագետի, երկրաբանի որակավորում ունեցող անձը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ագրոնոմիական, անասնաբուծության կամ անասնաբուժության թեմաներով:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ ոչ մասնագետներին իրենք հատուկ վերապատրաստել են։ «Մեռած հոգիներ մի փնտրեք մեր ցուցակներում», - ասում է փոխնախարարը՝ հավելելով, որ գումարով վճարվել է 128 խորհրդատուի աշխատավարձ․ - «Այստեղ գումարների վատնման կամ փոշիացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Անընդհատ խոսում էին մեռած հոգիների մասին, լրատվամիջոցներն էլ գլխագրեր, վերնագրեր են ընտրում: Եղել ա մեկ դեպք ընդամենը, 50-60 խորհրդատվությունից ընդամենը մեկ դեպք։ Մեկը անասնաբուծական մարզ է, մյուսը՝ բուսաբուծական․ այսինքն, թեմաների կրկնություններ հնարավոր է, և դրանից ողբերգություն սարքել պետք չէ կամ շոու սարքել, լրատվամիջոցներն էլ մեծատառերով վերնագրեր սարքեն, որ փոշիացվում է և այլն»։
Հարցին՝ եթե գյուղացիներին խորհրդատվությունը չի հետաքրքրում, արդյո՞ք հնարավոր չէ գումարն ավելի արդյունավետ օգտագործել, փոխնախարարը պատասխանեց․ - «Բազմաթիվ գյուղացիներ ես գիտեմ, որոնք անգամ տարրական ագրոտեխնիկայի կանոններին չեն տիրապետում։ ԳԱՄԿ-ի խնդիրը հենց խորհրդատվական աջակցություն ցուցաբերելն է: Հետո վատ ենք սովորել, որ պետք է ֆինանսական լինի․ եթե ֆինանսական չեղավ, ուրեմն դա աջակցություն չի»:
Կենտրոնները գյուղացիների համար տարեկան շուրջ 1000 սեմինար են կազմակերպում։
Հավելենք, որ Վերահսկիչ պալատի զեկույցները պատասխանատվություն չեն ենթադրում այն կառույցի համար, որտեղ թերություններ են հայտնաբերվում։